Յանուկովիչը ՌԴ քաղաքացիություն է ստացել. Ուկրաինայի ՆԳՆ

13:30 • 03.10.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն տեղեկություն է տարածել, որ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը դարձել են Ռուսաստանի քաղաքացիներ: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում, հաղորդում է lenta.ru-ն:

 

«Յանուկովիչի, Պշոնկայի, Ազարովի ընտանիքներին հաջողվել է Պուտինի հետ պայմանավորվել ռուսական քաղաքացիություն տրամադրելու շուրջ… »,- գրել է Գերաշչենկոն: Վկայակոչելով որոշ օպերատիվ աղբյուրների՝ նա պնդում է, որ համապատասխան որոշումն իբր ձևակերպվել է «Ռուսաստանի նախագահ Պուտինի գաղտնի հրամանով»:

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտարարել է, որ իրենք չեն արձագանքի Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդականի հայտարարությանը: Վիկտոր Յանուկովիչի քաղաքացիության վերաբերյալ մեկնաբանությունից հրաժարվել են նաև Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունում:

 

Ավելի վաղ «Ուկրաինսկայա պրավդա»-ի լրագրող Սերգեյ Լեշչենկոն հոդված էր հրապարակել, որտեղ խոսվում էր Մոսկվայի շրջանի էլիտար հատվածում Նիկոլայ Ազարովի որդու նստավայրի մասին՝ 4 հազար քառակուսի մետր տարածքով, որը գնահատվում է 8,5 միլիոն դոլար: