ԱՄՆ-ն կարող է Արևմտյան Աֆրիկա ուղարկել մոտ 4.000 զինվորական՝ Էբոլայի դեմ պայքարի համար

10:41 • 04.10.14

Միացյալ Նահանգները պատրաստ է Արևմտյան Աֆրիկա ուղարկել մոտ 4.000 զինծառայող՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարի շրջանակում բժշկական և լոգիստիկ օգնություն տրամադրելու նպատակով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ասել է ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի կոնտրադմիրալ Ջոն Քիրբին:

 

Ավելի վաղ Բարաք Օբամայի վարչակազմից հայտնել էին, որ ԱՄՆ-ն մտադիր է 3.000 զինծառայող ուղարկել Արևմտյան Աֆրիկա: Սակայն, ըստ Քիրբիի, նրանց թիվը կարող է ավելանալ մինչև 4.000՝ հիվանդության բռնկման դեմ պայքարում այդ երկրներին աջակցությունն ուժեղացնելու հետ կապված:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ Արևմտյան Աֆրիկայում զոհերի թիվը հասել է 3.300-ի: Հիմնականում զոհեր են գրանցվում Լիբերիայում, Սիերա Լեոնեում և Գվիենայում: