Սիրելի ուսուցիչներ, դուք կրթում ու դաստիարակում եք մեր ապագա քաղաքացիներին. Բ. Սահակյանի շնորհավորական ուղերձը

13:22 • 04.10.14

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ Ուսուցչի օրվա առթիվ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել:


Ուղերձում ասված է.


«Սիրելի ուսուցիչներ,


Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:


Դուք կրթում ու դաստիարակում եք մեր հանրապետության ապագա քաղաքացիներին, գիտելիքների հետ միասին նրանց տալիս կյանքի առաջին դասերը, և հենց դրանից է նաև մեծապես կախված, թե ինչպիսին կլինի մեր հայրենիքի ու ժողովրդի ապագան: Դրանով իսկ դուք ձեր արժանի ավանդն եք բերում Արցախի անկախ պետականության կերտման, նրա զարգացման ու զորացման գործին:


Մենք քաջ գիտակցում ենք, թե ինչպիսի բարդ ու պատասխանատու աշխատանք եք իրականացնում դուք, բայց և միաժամանակ անչափ շնորհակալ աշխատանք: Մեզնից յուրաքանչյուրը, երբ և որտեղ էլ որ հանդիպի իր ուսուցչին, միշտ խորին հարգանքի զգացումով է մոտենում նրան, ցանկանում թեկուզ փոքր-ինչ օգտակար լինել, փոխանցել նրան այն ջերմությունն ու հոգատարությունը, որ ստացել է տարիներ առաջ: Դա դարերից եկած վերաբերմունք է, որ մեր ժողովուրդը միշտ ունեցել է ուսուցչի մասնագիտության հանդեպ:

 


Կրթված ու զարգացած սերունդ ունենալը ժամանակի պահանջ է և մեր առաջնահերթ խնդիրներից մեկը: Այդ իսկ պատճառով պետությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում կրթության ու գիտության ոլորտը:

 


Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք` ձեզ և ձեր ընտանիքներին»: