ԵՄ-ն 2015-ի ապրիլից կենսաչափական շենգենյան վիզաներ կգործարկի ՌԴ քաղաքացիների համար

13:27 • 04.10.14

Եվրամիությունը 2015-ի ապրիլին կենսաչափական ընթացակարգ կանցկացնի ռուսաստանցիների համար՝ շենգենյան վիզա ստանալու նպատակով: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են ներքին հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմի գրասենյակից:

 

«ԵՄ-ն մտադիր է հաջորդ տարվանից Ռուսաստանում վիզային տեղեկատվական համակարգ գործարկել, որը ենթադրում է հիմնականում կենսաչափական տվյալների հավաքագրում: Ընթացակարգի սահմանման հստակ ժամկետը չի նշվում, դա նախատեսվում է իրականացնել 2015-ի ապրիլին», - հայտնել է Մալմստրյոմի ներկայացուցիչ Թովե Էրնստը:

 

Նրա խոսքով` ընթացակարգի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին պաշտոնական որոշումը կընդունի Եվրահանձնաժողովը, որի որոշումը կհիմնվի գործընթացի գործարկման համար ԵՄ բոլոր անդամ երկրների տեխնիկական պատրաստվածության վրա: Ամսաթվի հստակեցվելուն պես բոլոր շենգենյան հյուպատոսությունները ստիպված կլինեն այդ օրվանից սկսած անցնել նորարարության իրագործմանը:

 

Նոր համակարգի ներմուծումը որևէ կապ չի ունենա ՌԴ-ի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների հետ: Այս համակարգն արդեն գործում է Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Կարիբյան ավազանի երկրներում: