Լիվերպուլում ավտովթարը նպաստել է կանեփի պլանտացիա հայտնաբերելուն

12:25 • 04.10.14

Միջքաղաքային ավտոբուսի վարորդը, Լիվերպուլում բախվելով շենքի, ակամա օգնել է կանեփի պլանտացիա հայտնաբերել: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` The Independent-ին հղումով, ոստիկանության տվյալներով` 60-ամյա տղամարդն ուղևորության ընթացքում իրեն վատ է զգացել և, կորցնելով մեքենայի վերահսկողությունը, բախվել է երկհարկանի տանը:

 

Վարորդին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա միայն թեթև վնասվածքներ է ստացել: Աննշան վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև ավտոբուսի 8 ուղևոր:

 

Վթարի պատճառով շենքում գազի արտահոսք է սկսվել, որը վերացնելու համար դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունները դատարկ տանը կանեփի փոքր դաշտի հետքեր են հայտնաբերել: Այնուհետ հետախուզելով շրջակա կառույցները` ոստիկանները կանեփի ևս մի քանի թուփ են հայտնաբերել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել տվյալ գործով: