Անհայտ անձը խոստացել է սպանդ իրականացնել Հարվարդի համալսարանում. ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել

10:19 • 04.10.14

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի ոստիկանությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համատեղ փորձում է պարզել էլեկտրոնային նամակագրության հեղինակի ինքնությունը, ով սպառնալիքներով նամակներ է ուղարկում Հարվարդի համալսարանի ուսանողներին ու դասախոսներին:

 

Ինչպես գրում է Lenta.ru-ն` The Boston Globe պարբերականին հղումով, հարյուրավոր նամակներում անհայտ անձը խոստանում է շաբաթ` հոկտեմբերի 4-ին, կրակ բացել ուսումնական հաստատությունում: Հեղինակը հայտնում է, որ կկրակի բոլորին, ովքեր նման նամակներ են ստացել:

 

Ոստիկանությունը պատրաստվում է հանգստյան օրերին ուժեղացնել անվտանգության միջոցառումները համալսարանի տարածքում:

 

2013-ի հոկտեմբերին Հարվարդի համալսարանի 4 շենք տարհանվել էր այնտեղ տեղադրված ռումբերի մասին հաղորդագրության պատճառով: Այդ տեղեկությունը կեղծ էր եղել, իսկ հաղորդագրությունը տարածել էր ուսանողներից մեկը, ով չէր ցանկացել ավարտական քննություն հանձնել: