Կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի վիճակը վատացել է. փաստաբանների հայտարարությունը
Ադրբեջանում կալանավորված մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակի վատացման մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբանները՝ նշելով, որ կնոջ վիճակը ծանր է, գրում է contact.az-ը։
Ըստ փաստաբանների՝ նրան պահում են ցուրտ խցում, որտեղ տաք ջրի հասանելիություն չկա։ Նման պայմանները նախկինում 4 վիրահատության ենթարկված կնոջ վիճակի վատթարացմանն են հանգեցրել։
Այս իրավիճակից ելնելով՝ ոչ մի երաշխիք չկա, որ Լեյլա Յունուսը կապրի մինչև տարեվերջ, նշել են փաստաբանները։
«Եթե ցանկություն չկա փոխելու նրա խափանման միջոցը տնային կալանքի, ապա խիստ անհրաժեշտություն կա նրան տեղափոխել քրեակատարողական համակարգի հիվանդանոց»,- ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը` Արիֆ Յունուսը, մեղադրվում են «հայրենիքի դավաճանության, խարդախության, հարկերից խուսափելու» համար: Սակայն, այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել է որպես «խղճի բանտարկյալներ»:










