Բելառուսի և Ղազախստանի դիրքորոշումը ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցում տակավին անհայտ է. Ս. Սաֆարյան
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը մեծ կարևորություն չի տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ արդեն մոտենում է ավարտին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը։
«Այդ հայտարարությունը չէի ասի՝ ոչինչ չի նշանակում, բայց միևնույն ժամանակ՝ այն չափազանց զգուշավոր է և դեռևս տեղ է թողնում կասկածներ ունենալու հոկտեմբերի 10-ին դրանք ստորագրելու կապակցությամբ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Քաղաքագետը նշեց, որ ինքը կասկածներ էր հայտնել, որ ՀՀ-ն հոկտեմբերի 10-ին էլ չի ստորագրի փաստաթուղթը՝ ելնելով օբյեկտիվ գործոններից, այն է՝ եթե Ռուսաստանը չլուծի Բելառուսի և Ղազախստանի խնդիրները։ «Իսկ նրանց դժգոհությունները հաղթահարված չէին մինչև վերջին շրջանը, և այս օրերին տեղեկություն եղավ, որ հանձնարարություն է տրվել Ղազախստանին և Բելառուսին վերաբերող այն հատվածները, որոնք այդ երկու երկրի սրտով չեն, պայմանագրից հանել։ Այսինքն՝ չստորագրվելու մասին իմ գնահատականները հենվել են այդ հիմքերի վրա»,-ասաց նա։
Ստյոպա Սաֆարյանը, սակայն, այդքանով հանդերձ նկատեց, թե այսօր էլ դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կստանա հարցը. «Որովհետև անգամ պաշտոնատար անձանց հայտարարությունները չափազանց զգուշավոր են, և հետևաբար, եթե դա լիներ 100 տոկոսանոց պրոցես, մենք կլսեինք այդ կարգի հայտարարություն բոլոր կողմերից։ Իսկ Բելառուսի և Ղազախստանի դիրքորոշումը տակավին անհայտ է»,-նշեց նա։
Սաֆարյանը հավելեց, թե Ռուսաստանը երբեք այլ հայտարարություն չի էլ արել. «Այս հայտարարությունը, կարծում եմ, նորություն չէ, բայց նաև իրավիճակն այնպիսին չէ, որ Ռուսաստանի հայտարարություններն իրականություն դառնային, հակառակ դեպքում մենք վաղուց անդամակցած կլինեինք ԵՏՄ-ին»,-եզրափակեց նա։










