Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների 2015 թ.-ի տարեկան ծրագիրը գրեթե նախորդ տարվա ծրագիրն է. բնապահպան
Բնապահպան Ինգա Զառաֆյանը գտնում է, որ Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագիրն այնքան էլ չի տարբերվում նախորդ տարիներին ընդունված ծրագրերից։ «Դա նույն ծրագիրն է, ինչ անցած և նախանցած տարի էր։ Եթե դուք համեմատեք, ապա նույնիսկ ծախսերը նույնն են, միայն անտառների տարածքների մաքրման համար նախատեսված ծախսերում չնչին տարբերություն կա, իսկ իշխանի պաշարների վերականգնման համար նույն 60 միլիոն դրամի ծախսերն է նախատեսված»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Բնապահպանը նկատեց, որ իրենք անընդհատ բարձրացնում են այն հարցը, որ Սևանի բնակչությանն անհրաժեշտ է ինչ-որ այլընտրանքային ծրագիր առաջարկել, որպեսզի նրանք «Սևան» ազգային պարկի ռեժիմի տակ գտնվելով՝ կարողանան ապահովել իրենց կարիքները, և չզբաղվեն ձկնագողությամբ։ «Այս առումով էլ Կառավարությունը ոչինչ չի առաջարկում և գումարներ չի տրամադրում»,-ասաց նա։
Նա գտնում է, որ Կառավարությունն իշխանի պաշարների վերականգնման համար ռեալ քայլեր չի անում։










