ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ներողություն է խնդրել Էրդողանից

11:33 • 05.10.14

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից իր այն հայտարարության համար, որում ասել էր, որ Էրդողանը խոստովանել է, որ իր երկիրը սխալ է արել՝ թույլ տալով օտարերկրացի մարտիկներին երկրի տարածքով մուտք գործել Սիրիա, հաղորդում է CNN-ը:


Ներողությունից ժամեր առաջ Էրդողանն իր վրդովմունքն էր արտահայտել Ստամբուլում լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ ասելով «Բայդենը պետք է ներողություն խնդրի իր հայտարարությունների համար»: Այլապես Բայդենը, ինչպես վկայակոչում է նրա խոսքերը «Անադոլու» լրատվական գործակալությունը, «պատմություն կդառնա ինձ համար»:


Էրդողանը կտրականապես հերքել է, որ Բայդենին երբևէ նման բան է ասել: «Փոխնախագահը ներողություն է խնդրել ենթադրության համար, որ Թուրքիան կամ տարածաշրջանում այլ դաշնակիցներ և գործընկեր դիտավորությամբ աջակցել են կամ նպաստել են «Իսլամական պետության» կամ Սիրիայում այլ ծայրահեղականների աճին»,- ասել է Բայդենի խոսնակ Կենդրա Բարկոֆը:


Բայդենը նաև նշել է, որ ԱՄՆ-ն մեծապես գնահատում է դաշնակիցների և գործընկերների, այդ թվում Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունները և կատարած զոհաբերությունները «Իսլամական պետության» «պատուհասի դեմ պայքարելու համար»: