Դատարանը Greenpeace-ին սպառնացել է տուգանքով, եթե այն խոչընդոտի «Գազպրոմ»-ի նավթատար նավի տեղաշարժմանը

11:07 • 05.10.14

Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպությունը կտուգանվի, եթե փորձի խանգարել «Գազպրոմ» ընկերությանը նավթ տեղափոխել Ռոտերդամի նավահանգիստ, հաղորդում է kommersant.ru-ն:


Ամստերդամի դատարանի նախօրեին կայացրած որոշման համաձայն՝ «Գազպրոմ»–ի բեռով նավթատար նավի շարժմանը խոչընդոտելու ցանկացած փորձի համար բնապահպանական կազմակերպությանը սպառնում է տուգանք, որի չափը կարող է կազմել առնվազն 50 հազար եվրո:


Greenpeace-ի դեմ հայցը դատարան ներկայացրել է Gazprom ռուսական նավթային ընկերությունը:


Ինչպես հաղորդում է նիդեռլանդական NOS հեռուստառադիոընկերությունը, շաբաթ օրը Arctic Sunrise նավը կրկին դուրս է եկել «Михаил Ульянов» նավթատար նավի ուղղությամբ: Թե որտեղ է այժմ գտնվում ռուսական նավը, ընկերությունը չի հստակեցնում: Կալանքի տակ հայտնված սառցահատը անցած տարվա սեպտեմբերից գտնվել է Մուրմանսկի նավահանգստում:


Մայիսին կալանքը հանվել է, և անձնակազմին թույլ են տվել բարձրանալ նավի վրա, բայց նավահանգստից սառցահատի դուրս գալը հետաձգվում էր: