Ճապոնիայում փոթորկի պատճառով 22 հազար տուն հոսանքազրկվել է
«Ֆանֆոն» թայֆունը, որի անունը թարգմանաբար նշանակում է «գազան», Ճապոնիայի հարավում տեղակայված Կյուսու կղզում և Ամամի արշիպելագում 22 հազար տուն առանց էլեկտրաէներգիայի է թողել: Այդ մասին հայտարարել է շրջանը սպասարկող էներգաընկերությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ճապոնիայի հարավում թայֆունի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, ևս մեկը համարվում է անհետ կորած: Ցիկլոնը կաթվածահար է արել Ճապոնիայի տրանսպորտային համակարգի աշխատանքը. չեղյալ է հայտարարվել ներքին մոտ 150 ավիաչվերթ, իսկ գնացքներն աշխատում են մեծ ուշացումներով:
Փոթորկի նախազգուշացում է հայտարարվել Ճապոնիայի յոթ պրեֆեկտուրաներում: Ինչպես հայտնում է The Weather Channel-ը, ցիկլոնը շարժվում է հյուսիսարևելյան ուղղությամբ։ Համաձայն կանխատեսումների, քամու ուժգնությունը հասնելու է 58 մետր վայրկյանի:










