«Օկտոբերֆեստ»-ն ավարտվեց առանց նոր ռեկորդների (լուսանկարներ)

18:07 • 05.10.14

Գերմանիայի Մյունխեն քաղաքում այսօր ավարտվել է «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնը, գրում է Deutsche Welle-ն։ 

Այս տարի, ի տարբերություն նախորդների, նոր ռեկորդներ չեն սահմանվել։ Տոնին մասնակցել է 6.3 մլն մարդ, խմել են 6.5 մլն լիտր գարեջուր։ «Միջոցառումն անցկացվել է զարմանալի անկաշկանդ մթնոլորտում»,- հայտարարել է Մյունխենի քաղաքապետ Դիթեր Ռայթերը։


Այս անգամ փառատոնին ավելի քիչ մարդ է մասնակցել, քան նախորդ տարի։ Դա բացատրվում է նրանով, որ եղանակը, հատկապես տոնակատարության առաջին օրերին, ցուրտ է եղել։ 2013-ին փառատոնին մասնակցել է 6.4 մլն մարդ։


«Մենք չենք սահմանել նոր ռեկորդներ, սակայն ևս մեկ անգամ հաստատել ենք այս միջոցառման բարձր մակարդակը»,- նշել է քաղաքապետը։


«Օկտոբերֆեստ»-ի արդյունքներն ամփոփել է նաև ոստիկանությունը։ Վնասվածքներ, հիմնականում թեթև, ստացել է 7900 այցելու։ Մոտ 600 մարդ ալկոհոլային թունավորում է ստացել և հայտնվել բուժհաստատություններում։