ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մի քանի անհայտներով հավասարում է. Ստյոպա Սաֆարյան

18:00 • 06.10.14

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը խիստ թերահավատ է, որ հոկտեմբերի 10-ին կստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որը նա նմանեցնում է մի քանի անհայտներով հավասարման: Ըստ նրա՝ Ռուսաստանը շատ դեպքերում օդից կախված է թողել Հայաստանի հարցը, որովհետև իրեն անհրաժեշտ չէ այլևս Հայաստանի վրա ճնշումներ գործադրել, որպեսզի այն այլևս բանակցություններ չվարի Բրյուսելի հետ այն ծավալով, ինչ ծավալով իրեն ձեռնտու է: «Պարզապես, օդում կախված են թողել այդ խնդիրը, և Բրյուսելն ու Երևանը չեն կարողանում իրար հետ շփել: Ի տարբերություն Ուկրաինայի, երբ ստիպված էր շատ դաժան միջամտություն ունենալ՝ տուժելով թե՛ տնտեսապես, թե՛ իմիջի առումով, ապա Երևանի պարագայում նա այդպիսի գին չի վճարում»,– ասում է նա:

 

-Պարո՛ն Սաֆարյան, Հայաստանում Գերմանիայի դեսպանն օրերս հայտարարեց, որ կախված նրանից, թե ինչ կլինի Մինսկում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, երբ Հայաստանը հնարավոր է՝ արդեն անդամակցած կլինի Մաքսային միությանը կամ ԵՏՄ-ին, նոր պարզ կլինեն նաև ԵՄ-ի և Հայաստանի հետագա գործակցության ուղենիշները: Ձեր տեսակետը:

 

- Ես նախկինում էլ առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի անդամակցության առկախումը ԵՏՄ-ին նաև հեռահար նպատակ ուներ՝ հետ պահելու Հայաստանին Եվրոպայի հետ հարաբերություններից: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի սեպտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ, երբ ի գիտություն էին ընդունել Հայաստանի ցանկությունը՝ անդամակցել Մաքսային միությանը, ընդգծվում էր, որ իրենք սպասում են պաշտոնական Երևանից հստակեցումների, թե պարտավորությունների ու հանձնառությունների ինչ ծավալ է ստանձնելու Եվրասիական տնտեսական միությունում, որպեսզի կարողանան հասկանալ նաև Հայաստան-Եվրամիություն բանակցությունների ծավալը նոր պայմանագրի շուրջ: Եվ բազմաթիվ անգամներ «սեպտեմբերի 3-ից» հետո Բրյուսելը փորձում է Երևանին հիշեցնել, որ ինքը պետք է այդ հստակեցումները տա: Եվ երկրորդ. քանի որ Վիլնյուսում առանձնացվել էին համագործակցության ոլորտները Նալբանդյան-Էշթոն համատեղ հայտարարության մեջ, այնուամենայնիվ , դրանց ավելի կոնկրետացումը բացառապես պայմանավորած էր Եվրասիական տնտեսական միության, այսպես ասեմ՝ առանձնահատկություններից և դրա շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Հիմա, երբ արդեն ստորագրվել է ԵՏՄ հիմնադիր պայմանագիրը և այն ուժի մեջ է մտնելու 2015-ի հունվարից, ինչ-որ հստակեցումներ մտել են: Բայց բոլոր դեպքերում տեղեկատվության պակաս կա Հայաստանի անդամակցության հետ կապված և որևէ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչ չափով է Հայաստանը ինտեգրվելու ԵՏՄ-ին՝ հաշվի առնելով այն առանձնահատկությունները, որոնց պատճառով օբյեկտիվորեն Բրյուսելը չէր կարողանում որևէ նախաձեռնություն ունենալ Հայաստանի հետ: Մոսկվան գիտի սրա մասին և Մոսկվան շատ դեպքերում օդից կախված է թողել Հայաստանի հարցը, որովհետև իրեն անհրաժեշտ չէ այլևս ճնշումներ գործադրել պաշտոնական Երևանի վրա, որ նա այլևս բանակցություններ չվարի Բրյուսելի հետ այն ծավալով, ինչ ծավալով իրեն ձեռնտու է: Պարզապես, օդում կախված են թողել այդ խնդիրը, և Բրյուսելն ու Երևանը չեն կարողանում իրար հետ շփվել: Հետևաբար, Հայաստանի անդամակցության այս ձգձգումները ունեցել են նաև այս հեռահար նպատակը: Եվ Մոսկվան դրանում քիչ շահագրգռվածություն է ունեցել, որովհետև ի տարբերություն Ուկրաինայի, երբ ստիպված էր շատ դաժան միջամտություն ունենալ՝ տուժելով թե՛ տնտեսապես, թե՛ իմիջի առումով, ապա Երևանի պարագայում նա այդպիսի գին չի վճարում: Պարզապես դադարեցնում է Հայաստանի եվրասիական ընթացքը և Երևանն ինքը չի կարողանում Եվրամիության հետ շփվել:

 

Հետևաբար, սա ևս մեկ գործոն է դառնում՝ կասկածի տակ դնելու, թե որքանո՞վ կհաջողվի ստորագրել այդ պայմանագիրը, և արդյո՞ք Մոսկվայի շահագրգռությունը վերացել է և արդյո՞ք Մոսկվան կհամարի, որ նպատակը ձեռք բերված է: Ես կարծում եմ, որ այս խնդիրը դեռևս ակտուալ է և, հետևաբար, որքանով որ ԵՏՄ-ում Հայաստանի պարտավորություններն անհստակ ու անորոշ մնան, այնքան անհստակ կմնան նաև Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները: Ուստի, հոկտեմբերի 10-ի այդ հանդիպումը բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալու, և Գերմանիայի դեսպանն իրավացի է և դրանից հետո ինչ-որ բաներ կա՛մ կհստակեցվեն, կա՛մ կհասկանանք, թե ինչ ընթացք կլինի:

 

-Այս ամենի ընթացքում ի՞նչ եք կարծում, ինչ կլինի՞

 

-Թերահավատ եմ:

 

-Նաև այսպիսի հնարավորություն չե՞ք տեսնում, որ Հայաստանը անդամակցի ոչ թե ԵՏՄ-ին, այլ Մաքսային միությանը:Նման տարբերակ հնարավո՞ր է:

 

-Ամբողջ խնդիրն այն է, որ այս մեկ տարին ամենատարբեր տարբերակների տարի է եղել , ամեն տարբերակ քննարկվել է՝ Հայաստանը դառնա հիմնադիր անդամ, Հայաստանը դառնա բացառիկ կարգավիճակով անդամ, այսինքն՝ այնքան հայտարարություններ են հնչել, չմոռանամ, որ Վլադիմիր Պուտինի կողմից խոսք տրվեց, որ Հայաստանն արդեն մարտի 5-ին կմիանա հիմնադիր պայմանագրին, ինչը տեղի չունեցավ, և այն, ինչի մասին խոսում եք՝ սա , թերևս, էլի այդ մասնավոր կարծիքների տարբերակներից մեկը կարող է լինել՝ մեկը շատերի թվում: Հետևաբար, քանի որ պատասխան ակնկալող հարցերը շատ-շատ են և շահերն են շատ խայտաբղետ, այս պարագայում չափազանց դժվար է ֆիքսել կամ կանխատեսել, թե ինչով կավարտվի հոկտեմբերի 10-ը: Նորից եմ կրկնում՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին շատ նման է մի քանի անհայտով կամ բավականին բարդ հավասարման, որտեղ փոփոխականները չափազանց մեծ թիվ են կազմում, և այս կտրվածքով՝ բավականին պատկերը բարդ է: Եթե մենք ի նկատի ենք ունենում Ղազախստանի ու Բելառուսի վերաբերմունքի միջև Ռուսաստանի շահերի խորքային դրսևորումները և նաև այս խնդիրները, ապա մի փոքր անիրական է դառնում հավատալը, որ կստորագրենք: Խոչընդոտները չափազանց շատ է:

 

-Իսկ մենք՝ Հայաստանը, մեր մոտիվացիաների մասին ի՞նչ կասենք, մենք ուզո՞ւմ ենք ստորագրել:

 

-Ես կարծում եմ, որ բոլոր կողմերից մոտիվացիաները թուլացել են. և՛ Հայաստանի, և՛ Մոսկվայի, մնացածի մասին չխոսեմ՝ Բելառուսի ու Ղազախստանի: Եվ այս կտրվածքով ամենաառանցքային հարցը Հայաստանի ու Ռուսաստանի մոտիվացիաների քննարկելն է: Հայաստանի մոտիվացիան որքան էլ կարևոր է, բայց էական դեր չի խաղում, և եթե պաշտոնական Երևանը շահագրգռված էլ չլինի դրանում, միևնույն է՝ հարկադրված է խնդիրներին մոտենալ այնպես, ինչպես իրենից պահանջում է Մոսկվան: Մոսկվայի մոտիվացիաներն են կարևոր և, հետևաբար, Ձեր տված հարցին պատասխանելու համար հարցնեմ՝ արդյո՞ք Մոսկվան համարում է, որ վերջ, լուծվել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների խզման խնդիրն ի սպառ և արդյո՞ք պետք չէ այլևս ձգձգել այդ անորոշությունը: Եթե այդ հարցի պատասխանը ունենանք,կարող ենք դատել՝ Մոսկվան կընդունի՞ Հայաստանին ինտեգրելու որոշումը և կկարողանա՞ Բելառուսին ու Ղազախստանին համոզել դրանում: Սա բավականին բարդ հարց է, և իմ կանխատեսումներում ավելի շատ հենվում են արտաքին ազդակների վրա, որոնք այնքան շատ են և ձգտում են դեպի այն տեսակետը, որ քիչ հավանական է, որ կստորագրվի:

 

-Պարո՛ն Սաֆարյան, հոկտեմբերի 10–ին եռյակի հանրահավաքն է տեղի ունենալու: Գնալո՞ւ եք:


-Ո՛չ,


-Ինչո՞ւ:


-Ես, նախ, չեմ հավատում այդ քաղաքական հոսանքին, և չեմ պատրաստվում գնալ միտինգի մի օր, երբ Հայաստանի համար իմ կարծիքով՝ չափազանց առանցքային հարց է լուծվելու: Մանավանդ, որ այդ քաղաքական ուժերից երկուսը կողմ են դրան և ո՛չ նրանց, ո՛չ էլ նրանց քաղաքական օրակարգերի համակիր չեմ: Եվ, հետևաբար, նրանցից ո՛չ սպասելիք ունեմ, ո՛չ ակնկալիք:

 

-Ձեր կարծիքով, այսինքն, սա կեղծ գործընթա՞ց է:

 

- Ես չգիտեմ դա ինչ է, և, առհասարակ, գործընթա՞ց , թե գործընթաց չէ: Եթե դա այդքան հստակ լիներ, կարծում եմ՝ նման հարցեր չէին լինի, թե ինչի՞ են ուզում հասնել այդ քաղաքական ուժերը միասին, եթե հայտարարում են, որ ներքին օրակարգի, իշխանափոխության հարցում տարաձայնություններ ունեն: Եվ ես չգիտեմ՝ ուրիշ ինչ են ուզում անել:

 

-Իրենք ասում են՝ իշխանափոխություն ենք ուզում:


- Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին նման բան հայտարարե՞լ են: