Բալթիկ ծովում ռուսական կործանիչը սադրիչ վարքագիծ է դրսևորում. Independent

15:10 • 06.10.14

Բալթիկ ծովում ռուսական կործանիչը շատ մոտ է գտնվել շվեդական ինքնաթիռին՝ կատարելով «անսովոր սադրիչ» շարժում, գրում է The Independent-ը՝ վկայակոչելով Շվեդիայի իշխանություններին:

 

Շվեդիայի FRA հետախուզական գործակալությունը և երկրի զինված ուժերը շրջանում ռուսական ռազմական գործունեության ակտիվության աճ են գրանցել:

 

FRA-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ ռուսական կործանիչը վերջին վեց ամսում մի քանի անգամ մոտեցել է շվեդական հետախուզական ինքնաթիռին:

 

Հրապարակվել է նաև ռուսական Su-27 կործանիչի լուսանկարը, որտեղ երևում է շվեդական ինքնաթիռից չափազանց փոքր հեռավորության վրա դրա գտնվելը, ինչպես նաև հրթիռների զինանոցը:

 

«Ռուսական կործանիչներն այժմ վարքագիծ են ցույց տալիս, որ մենք չենք տեսել նախորդ տարիներին»,- ասել է FRA-ի տնօրեն Լենա Նիբերգը: