Գոռ Առաքելյանը սպանելու նպատակ չի ունեցել, ու կրակոցները ներքև են ուղղված եղել. «Վերնիսաժի» գործով մեղադրյալի պաշտպան

11:51 • 06.10.14

Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով «Վերնիսաժի» գործով Գոռ Առաքելյանի ձերբակալմանը, ասաց, որ Գոռ Առաքելյանը սպանելու նպատակ չի ունեցել, և նրա բոլոր կրակոցները ներքև են ուղղված եղել: Նա գտնում է, որ իրավասու մարմինները ո՛չ թե իրավաբանությամբ են առաջնորդվում, այլ՝ ինչ-ինչ նկատառումներով:

«Նկատելի է, որ հասարակական հնչեղություն ունեցող դեպքերում իրավասու մարմինների մոտ պարալիզացվում է իրավաբանական մտածելակերպը և այնպիսի տպավորություն է, թե PR մենեջերներն են որոշում կայացնում»,- մամուլի ասուլիսին ասաց նա:


Նա նշեց, որ Ներսես Մելքոնյանի մոտ առկա է եղել 4 հրազենային վնասվածք՝ ոտքի վրա, և եթե իրար դիմաց կանգնած 4 կրակոց է արձակվում ոտքին և ոչ թե կենսական այլ օրգաններին, ապա դա նշանակում է, որ սպանության նպատակ չի եղել:


Ինչ վերաբերում է Վալերի Հովհաննիսյանի վնասվածքներին, ապա պաշպանն ասաց, որ վերջինս եղել է մեքենայի մեջ և կրակոցներից մեկը նրա որովայնին է դիպչել, որը նստած դիրքի կամ շարժման արդյունք է եղել, իսկ մյուս վնասվածքը եղել է ոտքի վրա: Ըստ նրա, եթե ատրճանակում փամփուշտներ են մնացել, դա ևս նշանակում է, որ սպանության նպատակ չի եղել:


«Գոռ Առաքելյանը գործել է անհրաժեշտ պաշտպանությունից ելնելով: Գոռ Առաքելյանը եղել է մենակ, նրանք՝ երկուսով ու ֆիզիկապես ավելի պատրաստված, հաղթանդամ: Էական է, որ Գոռ Առաքելյանի հետ գտնվել են կինը և երեխան, ով ամբողջ վիճաբանության ժամանակ լացել է»,- ասաց Երեմ Սարգսյանը և ավելացրեց, որ նախաքննության մարմինները անտեսել են հոգեկան խիստ հուզմունքի վիճակը:


«Պետական մարմինները ցույց են ուզում տալ, թե տեսեք ինչ խիստ ենք վերաբերվում»,- ասաց նա և ավելացրեց, որ իր բոլոր միջնորդությունները մերժվել են: