Այս տարվա երրորդ եռամսյակում ստերիլիզացվել է 3200 և քնեցվել՝ 9400 թափառող շուն. յուրաքանչյուր շան վրա ծախսվում է 8-9 հազ. դրամ

22:54 • 06.10.14

Մայրաքաղաքում 2014 թ-ի երրորդ եռամսյակում «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից ստերիլիզացվել է 3200 թափառող շուն, քնեցվել 9400-ը: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց «Յունիգրաֆ Իքս» ընկերության փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանը՝ նշելով, որ ամբողջ տարվա ընթացքում մայրաքաղքում նման աշխատանք իրականացնելու համար 2014թ-ի համար Երևանի քաղաքապետարանից ստացել են 200 մլն դրամ:


Նա ընդգծեց, որ իրենք շներին ո´չ միայն ստերիլիզացնում են, այլ նաև՝ իրականացնում են կենդանիների պատվաստում շուրջ 8 հիվանդության դեմ, ինչպես նաև՝ ճիճվաթափում, որից հետո միայն վերադարձնում են բակեր կամ քաղաքի այլ հատվածներ:

 

«Յուրաքանչյուր շան համար ծախսվում է միջինը 8-9 հազար դրամ, այս գումարի մեջ մտնում է ո´չ միայն վիրահատությունը, այլ նաև՝ պատրաստումը, ինչպես նաև՝ կենդանուն մի քանի օր պահելը: Սովորաբար էգ կենդանու ստերիլիզացումը ավելի ծախսատար է: Ստերիլիզացնելուց ու բաց թողնելուց առաջ թափառող կենդանիների վզին կարմիր ու կանաչ վզկապներ են փակցվում»,-ասաց նա և ընդգծեց, որ այս նույն մեթոդները իրականացնում են ամբողջ աշխարհում:

 

Դիտարկմանը, թե նման վզկապներով շների գրեթե չես հանդիպի փողոցներում, Լիլիթ Գրիգորյանն արձագանքեց. «Դուք չեք տեսել, բայց բազմաթիվ մարդիկ տեսել են և ուղղակի հարցնում են, թե ինչ է դա նշանակում: Ինքս էլ տեսնում եմ, պարզապես շատ դեպքերում կենդանիներն այդ վզկապները պոկում են թաթով»,-ասաց նա:

 

Հարցին, թե որոշակի ծրագիր ունե՞ն, Երևանում թափառող շների քանակը մոտավորապես որքանի՞ պետք է հասցնեն, պատասխանեց, որ թիվ ասել չի կարող, բայց իրենց առջև դրված խնդիրն է՝ ապահովել օպտիմալ քանակ, որ թափառող կենդանիների թիվը չավելանա Երևանում և չսպառնա բնակիչներին:

 

«Եթե հիշեք մի քանի տարվա մեր գործունեությունը կամ թափառող կենդանիների թիվը Երևանում, ապա կտեսնեք, որ վիճակը բավականին բարելավվել է, և այսօր թիվը չի աճում, ու ցանկացած երևանցի այսօր կարողանում է մայրաքաղաքում անվտանգ տեղաշարժվել:


Լիլիթ Գրիգորյանը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր Երևանում կհանդիպեն ագրեսիվ շների, դիմել իրենց՝ զանգահարելով 57 57 68 հեռախոսահամարով:


«Թափառող կենդանիները որպես կանոն՝ ագրեսիվ են դառնում աշնանը և գարնանը՝ բազմացման շրջանում, բնականաբար՝ կարող են մեզ զանգահարել, մեր պարտականությունն է՝ ահազանգել բնակիչների ահազանգերին: Մենք օրական շատ զանգեր ենք ստանում ու իրականացնում պարբերական բակային այցեր»,-ասաց նա: