Լոնդոնը ճանաչվել է աշխատանք փնտրող մարդկանց համար աշխարհում ամենագրավիչ քաղաքը

11:54 • 06.10.14

Այլ երկրում աշխատանք փնտրող մարդկանց համար աշխարհում ամենագրավիչ քաղաք է ճանաչվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Financial Times թերթին:

 

Լոնդոնն այդ ցանկում առաջ է անցել Նյու Յորքից և Փարիզից։ Հարցումն իրականացվել է Boston Consulting Group-ի և The Network-ի վերլուծաբանների կողմից 189 երկրներում՝ ավելի քան 200 հազար մարդկանց շրջանում:

 

«Աշխարհում նվազում են աշխարհագրական խոչընդոտները, այդ թվում՝ ամենատաղանդավոր և ամենակրթվածների համար»,- ասել է Boston Consulting Group-ի ղեկավարներից Ռայներ Սթրեկը:

 

Ըստ հարցման՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն է նախընտրել հարցվածների 16 տոկոսը, Նյու Յորքը՝ 12,2 տոկոսը, Փարիզը՝ 8,9 տոկոսը, Սիդնեյը՝ 5,2 տոկոսը, Մադրիդը՝ 5 տոկոսը: Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում հարցման մասնակիցների 44 տոկոսը հայտնել է, որ կցանկանար աշխատել արտասահմանում: Շվեյցարիայում արտասահման մեկնելու օգտին է արտահայտվել 75 տոկոսը, իսկ Ֆրանսիայում և Նիդեռլանդներում՝ ավելի քան 90 տոկոսը:

 

Երկրներից տեղափոխվելու ամենատարածված ուղղությունն ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է, իսկ եռյակը եզրափակում է Կանադան: Ոչ անգլալեզու երկրների առաջատարը Գերմանիան է: