Պավել Սոլախյանի հարցը` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջազգային ասոցիացիայի տարվա լավագույն հարց
Հայաստանյան գիտակ և «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնության հարցերի խմբագիր Պավել Սոլախյանի հարցը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբների միջազգային ասոցիացիայի կողմից հայտարարվել է 2013 -2014 մրցաշարային տարվա լավագույն հարց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Պավել Սոլախյանը: «Հաճելի է արժանանալ նմանատիպ ճանաչման: Այն ինձ համար ոչ թե առանձին հարցի բարձր գնահատական է, այլ այս ոլորտում ողջ տարվա աշ ատանքի արժեւորում»,- ասաց Պավել Սոլախյանը:
Հայ գիտակի հարցը լավագույնը ճանաչվելու փաստը հայտնի դարձավ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը տեղի ունեցած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղերի աշխարհի առաջնության ժամանակ:
Պավել Սոլախյանը, ով կյանքի երեսուն տարիներից տասնհինգը զբաղվում է ինտելեկտուալ խաղերով, «Պերեզագրուզկա» թիմի անդամ է: 2014 թվականի հունիսին Երևանում տեղի ունեցած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ առաջնությունում «Պերեզագրուզկա» թիմը հինգերորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:










