Ռուսական լրատվամիջոցի անդրադարձը Երևանում Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիայի կենտրոնի կառուցմանը

18:08 • 06.10.14

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ավելի քան 300.000 դոլար է հատկացրել Երևանում մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիայի կենտրոնի շինարարության համար, գրում է filmpro.ru-ն։

 

Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերն այնքան լեգենդար են, որ յուրաքանչյուր կադրն ու արտահայտությունն արդեն վաղուց «գոյատևում» է առանց դրանք ստեղծողի, գրում է աղբյուրը:

 

«Խոսող ձուկը», «Կիկոսը», «Բարեկենդանը» «Հայֆիլմի» ոսկե ֆոնդն են կազմում, որի ավանդույթներն այսօր, ցավոք, գրեթե անհետացել են։ Այն ամենը, ինչ մնացել է, մի քանի նկարիչների փորձն է։ Նրանց թվում է Սահակյանցի որդին՝ Դավիթ Սահակյանցը։ Հենց նրա համառության շնորհիվ էլ իր ստուդիայի հիման վրա այսօր Երևանում կառուցվում է մեծ կենտրոն՝ կինոթատրոնով, մանկական գեղարվեստական ստուդիայով, թանգարանով և, ամենակարևորը, դպրոցով, որտեղ կծնվի հայ նկարիչ-մուլտիպլիկատորների նոր սերունդ։

 

Դավիթ Սահակյանցը վստահ է, որ այդ նախաձեռնությունը կնպաստի հայ մուլտիպլիկացիայի զարգացմանը: «Արձագանքները, որ մենք լսում ենք, վստահ եմ, ընթացք կտան։ Ծնողները պատրաստակամ են տանել իրենց երեխաներին, երիտասարդ նկարիչներին, որոնք երազում են զբաղվել դրանով, սակայն դեռ չգիտեն, թե որտեղ, ում մոտ, ինչ պայմաններում սովորել»,- ասել է նկարիչը։

 

Կենտրոնի շինարարությանը զուգահեռ, որը պետք է բացվի արդեն մեկ տարի անց, Սահակյանցի թիմն ավարտում է Հայաստանի պատմության մեջ առաջին լիամետրաժ մուլտֆիլմի աշխատանքները։ «Անահիտ» ժողովրդական հեքիաթի հիման վրա նկարահանվող ֆիլմն արդեն հետաքրքրել է ռուս և իրանցի մասնագետներին։
 

Ռուսական լրատվամիջոցի անդրադարձը Երևանում Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիայի կենտրոնի կառուցմանը