Հայաստանում «Տարվա մարդ» է ճանաչվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
«Համազգային վստահություն» խորհուրդն ամփոփել է «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014» ամենամյա ազգային մրցույթի արդյունքները:
«Արմենպրես»-ին «Համազգային վստահություն» խորհրդից հայտնել են, որ այս տարի առաջին անգամ համաժողովրդական հարցումների արդյունքներով հրապարակել է «Տարվա մարդ» անվանակարգում լավագույն հանրային գործչի՝ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անունը: «Տարվա լավագույն քաղաքապետ» է ընտրվել Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, իսկ «Տարվա նորարար բիզնես կառավարիչ» է ճանաչվել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը:
Մրցանակներ են հանձնվել բիզնես ոլորտի առաջատարներին, ժամանցի վայրերի ղեկավարներին, պրոդյուսերին և գովազդային գործակալներին: Ավելի քան 40 անվանակարգերում խրախուսվել են ողջ տարվա ընթացքում իրենց աշխատանքային ձեռքբերումներով և կորպորատիվ պատասխանատվությամբ լավագույն ընկերություններն ու հանրային ծառայողները: Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով, որին ներկա են գտնվել բազմաթիվ պաշտոնատար անձիք և գործարարներ:
«Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ: Արժանիներին որոշելու համար հարցումներ են անցկացվել հանրապետության բնակչության և փորձագետների շրջանում:










