Apple-ի սարքերի համար շափյուղյա ապակի արտադրող ընկերությունը հայտարարել է սնանկացման մասին
GT Advanced Technologies ամերիկյան ընկերությունը, որն անցած տարի պայմանագիր էր կնքել Apple ընկերության սարքերի համար շափյուղյա ապակի արտադրելու վերաբերյալ, հայտարարել է սնանկության մասին, գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով Market Watch-ին:
GT-ի՝ սնանկության հարցերով ԱՄՆ դատարան ներկայացված հայտարարության համաձայն՝ անցած ամսվա վերջին ընկերությունն ունեցել է 85 միլիոն դոլարի ազատ միջոցներ: Դա բավարար չէ աշխատավարձեր վճարելու և այլ ընթացիկ գործունեությունն ապահովելու համար:
GT-ի գնահատականով՝ ընկերության ընդհանուր պարտավորությունների գումարը գերազանցում է 1 միլիարդ դոլարը:
Որոշ վերլուծաբաններ կարծում էին, որ GT-ի արտադրանքը կփոխարինի նոր iPhone-ներում վնասվածքներին ավելի քիչ դիմակայուն Gorilla Glass-ի ապակիներին, սակայն այդ կանխատեսումները չեն հաստատվել: Շափյուղյա ապակին կօգտագործվի միայն Apple Watch ժամացույցներում, որոնք վաճառքի կհանվեն 2015 թվականի սկզբին:










