Վարդան Պետրոսյանի գործով շուտով կլինի վիճաբանությունների փուլը. փաստաբանները հետագա դատավարության մասին

15:55 • 07.10.14

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարության ընթացքի, սպասվելիք զարգացումների վերաբերյալ մանրամասներ իմանալու համար Tert.am-ը զրուցեց երկու կողմերի փաստաբանների հետ:


Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, թե այս փուլում կողմերը նոր ապացույցներ ներկայացնելու միջնորդություններ են անում:


«Դրան կհաջորդի դատական վիճաբանությունների փուլը, այնուհետև կլսենք ամբաստանյալի վերջին խոսքը, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու»,
- հաղորդեց Ռուբեն Բալոյանը:


Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշեց, թե այս գործն ունի իր առանձնահատկությունը, քանի որ ոչ թե սովորական ավտովթարի հետ գործ ունենք, այլ մի դեպքի, որի ժամանակ դեպքի վայրի զննության արձանագրությամբ քննիչը չի գծագրել այն հետքերը, որոնք առկա են եղել դեպքի վայրում, այլ գծագրել է հետքեր, որոնք չեն եղել այդտեղ:


«Ավտովթարների գործով ամենակարևոր ապացույցը դեպքի վայրի զննության արձանագրությունն է և ճիշտ գծագիրը, որից պարզ է լինում, թե որտեղ է վթարը տեղի ունեցել: Հակափաստարկը պետք է լինի այն, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ արտացոլված հետքերից պարզ լինի՝ այդ մարդը ճիշտ է ասում, թե՝ ոչ: Եթե դա չկա, ապա Վարդան Պետրոսյանի կողմից այդ հակափաստարկը բերելը շատ դժվար է դառնում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ շարունակելով, թե եթե չլինեին լուսանկարիչ Գագիկ Շամշյանի լուսանկարները, գրեթե հնարավոր չէր լինելու ապացուցել, որ վթարն իրականում եղել է բանուկ մասում:


«Բայց կան այդ լուսանկարները և համապատասխան ծրագիր կա, որտեղ լուսանկարի վրա առկա հետքերը կարող ենք տեղափոխել գծագրի վրա, տրամադրել փորձագետին և փորձագետները կտան եզրակացություն՝ վթարը եղել է կողնակո՞ւմ, թե՞ բանուկ մասում»,-նշեց փաստաբանը:


Նա ասաց նաև, թե ինքն անձամբ արդեն իսկ այդ աշխատանքը կատարել է, և ըստ նրա՝ 0,01 տոկոս հավանականություն չկա, որ Վարդան Պետրոսյանը սուտ ցուցմունք է տալիս:


«Այն, ինչ Վարդան Պետրոսյանը հայտարարեց դատարանում, դա հաստատապես ճիշտ է, նրա փաստարկին վստահում եմ 100 տոկոսով: Իրականում վթարը տեղի է ունեցել բանուկ մասի վրա, այլ ոչ թե կողնակում»,- փոխանցեց Բաղդասարյանը:


Վերջինիս խոսքով՝ նախաքննական մարմինն այլ վարկածներ է կարողացել առաջ քաշել միայն այն պատճառով, որ քննիչը հետքերը չի գծել կամ գծել է հետքեր, որոնք գոյություն չունեն, դրանով շատ նվազեցրել է Վարդան Պետրոսյանի՝ ճշմարտությունը հաստատելու հնարավորությունը:


«Որպեսզի այդ հնարավորությունը նորից Վարդան Պետրոսյանին ընձեռենք, պետք է նորից գնանք զրոյական վիճակի: Եթե ապացուցվի, որ վթարը տեղի է ունեցել բանուկ մասում, ապա կհաստատվի Վարդան Պետրոսյանի ասածը, այն է՝ ինքը բացառապես ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ չի տվել: Իսկ մեր հետագա գործողությունները պետք է ուղղվեն հաստատելու Վարդան Պետրոսյանի ցուցմունքում ներկայացված փաստերը»,- նշեց Վարդան Պետրոսյանի փաստաբանը:


Ի դեպ, պաշտպանն ասաց նաև, թե նույն այդ վայրում, որտեղ հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել վթարը, մի շարք նմանատիպ դեպքեր ևս եղել են:


«Առնվազն 3 դեպքի մասին տեղեկություն ունեմ, երբ ավտոմեքենան բաց է թողել դեպի Աշտարակ տանող ճանապարհը, հետընթաց է կատարել և վթար է եղել: Եվ յուրաքանչյուր վթարից հետո դեպքի վայր է եկել հրշեջ ծառայության մեքենա, լվացում է արել, մեքենաներից թափված բեկորները տարել են կողնակ»,- շեշտեց Նիկոլայ Բաղդասարյանը: