Դիլիջանում «Լույս» հիմնադրամը կկազմակերպի «Կարիերայի օր» միջոցառումը

12:42 • 07.10.14

Հոկտեմբերի 25-ին ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ Դիլիջան քաղաքում կանցկացվի «Կարիերայի օր» միջոցառումը, որին մասնակցություն են ունենալու կարիերայի հնարավորություն փնտրող մասնագետներ, սկսնակ ձեռնարկություններ, կազմակերպություններ: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրին հիմնադրամի ներկայացուցիչները:


«Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն ասաց, թե հիմնադրամն աջակցում է բոլոր հայ ուսանողներին ամբողջ աշխարհում:


«Առաջին կառույցն է, որ այս մասշտաբով բոլոր հայ երիտասարդների ուժը հավաքում է, որպեսզի իրենց գիտելիքները ներդնեն ի բարօրություն Հայաստանի:Մեր ուսանողները հզոր դեսպաններ են այլ համալսարաններում, լավագույն կենտրոններում։ Մեր շրջանավարտների մեծ մասը դասավանդում է հայկական համալսարաններում»,- ասաց Ժաքլին Կարաասլանյանը՝ շարունակելով, թե միայն լավ ուսումն ու լավ համալսարանը չի բավարարում, պետք է միջավայր ևս ստեղծել:


«Շատ ընկերություններ կապվում են մեզ հետ ու հարցնում, թե քանի շրջանավարտ ունեք, քանի որ այսպիսի հետաքրքիր աշխատանք ունենք նրանց համար»,- հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրենը:


Նա ասաց նաև, թե իրենց նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ տարբեր ոլորտներից կլինեն տարբեր կազմակերպություններ և որտեղ երիտասարդները ոչ միան կմտածեն, թե ինչ աշխատանք գտնեն, այլ՝ թե ինչ ապագա են ունենալու:


«Եթե մենք մտածենք կարիերայի մասին, դա կնշանակի մտածել նաև մեր երկրի ապագայի մասին: Եթե մտածենք կարիերան Հայաստանում շարունակելու մասին, դա կնշանակի մտածել նաև Հայաստանի լուսավոր ապագայի մասին»,-ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը: