Գերմանիայի Միջեկեղեցական խորհուրդը եկեղեցիներին կոչ է արել 2015-ի ապրիլի 24-ին ոգեկոչել Ցեղասպանության զոհերի հիշատակը
Հոկտեմբերի 1-2-ը Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի է ունեցել տարեկան նիստը։ Ժողովը Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ պաշտոնական հայտարարություն է ընդունել, որի թարգմանությունը ներկայացվում է ստորև:
«2015 թվականին մենք ոգեկոչում ենք Օսմանյան կայսրության կողմից իրագործած Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ 1915-1922թթ. մեկուկես միլիոն հայեր սպանվեցին, իսկ հազարներ էլ տեղահանվեցին իրենց տներից (ներկայիս
Թուրքիա) և աքսորվեցին։ Այսօր աշխարհով մեկ սփռված ավելի քան 6 միլիոնանոց հայկական սփյուռքն այդ Ցեղասպանության տեսանելի հետևանքն է:
Անցել է մեկ հարյուրամյակ, սակայն կատարվածն իր ծանր ազդեցությունն է թողել ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև միջազգային հանրության վրա։ Անգամ եթե այսօր գրեթե վերապրողներ չկան, ցավի և անարդարության ճանաչումը
շարունակում է մնալ արդիական։
Մենք հարգում ենք հայ, ինչպես նաև շուրջ 600 հազար արամեացի, ասորի և հույն քրիստոնյաների (ներառյալ կաթոլիկների ու բողոքականների) հիշատակը՝ ովքեր սպանվեցին իրենց հայ եղբայրների և քույրերի հետ միասին։
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ջանքերը «հայ եկեղեցիներին հնարավորություն ընձեռել՝ իրենց ձայնը բարձրացնելու և պայքարելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման համար», միշտ գնահատվել է հայ
եկեղեցու կողմից։
Գերմանիայի Հայ առաքելական եկեղեցին Միջեկեղեցական խորհրդի անդամ եկեղեցի է, որի հետ համերաշխ 2015-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակը: 2005թ. Գերմանիայի Բունդեսթագը մատնանշել է Գերմանիայի պատմական ու բարոյական պատասխանատվությունն այս հարցում։ Որպես Գերմանիայում գործող եկեղեցիներ մենք միասնաբար կրում ենք այս պատասխանատվությունը և անհրաժեշտ համարում այն ամեն անգամ հիշեցնել։
Ուստի 2014թ. Մագդեբուրգում կայացած Միջեկեղեցական խորհրդի ժողովն իր անդամ եկեղեցիներին և համայնքներին քաջալերում և կոչ է անում, աղոթքով և հիշատակի միջոցառումներով ոգեկոչել այն։ Ժողովն անդրադարձել է նաև
Միջեկեղեցական խորհրդի նախագահության 2012թ. առաջարկին՝ տեղերում կազմակերպել միասնական միջոցառումներ Հայ առաքելական, Ասորի ուղղափառ և Հույն ուղղափառ եկեղեցիների հետ։ Բոլոր եկեղեցիներում աղոթքի հրավերը պետք է լսելի դարձնել եկեղեցու զանգերի ղողանջով և որպես միասնական ժամ առաջարկվել է 2015թ. ապրիլի 24-ի ժամը 17։00-ն:










