Հոլանդիայի ոստիկանությունը համոզել է քուրդ ցուցարարներին լքել խորհրդարանի շենքը
Ոստիկանության հետ երկարատև բանակցություններից հետո քուրդ ակտիվիստները հեռացել են Հաագայում Նիդեռլանդների ազգային խորհրդարանի շենքից, սակայն մնացել են հրապարակում, որտեղ աղմկում են, հայտնում է Комсомольская правда-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տասնյակ քրդեր երկուշաբթի երեկոյան, պահանջելով ավելի ակտիվ պայքար «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ, ներխուժել են խորհրդարանի գլխավոր սրահ և նստել հատակին։
Ցուցարարներն իրենց հետ բերել են «Բավակա՛ն է չգործել, կանգնեցրե՛ք Քոբանի գրավումը» գրառումներով պաստառներ։ Ակտիվիստները փորձել են ուշադրություն հրավիրել իրենց սիրիացի հայրենակիցների խնդիրներին։ Այդ ակցիան Հաագայում նրանք ձեռնարկել են, երբ հայտնի է դարձել, որ ջիհադիստները հարձակվել են սիրիական Այն էլ Արաբ քաղաքի վրա։ Գրոհայինները մտել են քաղաք և մարտեր են վարում տեղացի քրդերի հետ։










