Գարեգին Բ-ի նախագահությամբ տեղի է ունեցել Կալկաթայում աղջիկների Դավթյան դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը
Հոկտեմբերի 6-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել աղջիկների Դավթյան դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Արարողությանը ներկա են եղել Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Արա Հակոբյանը, Հնդկաստանի հայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, եկեղեցական վարչության անդամներ տիկ. Սյուզան Ռուբենը և պրն. Սունիլ Սոբթին, Մայր աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը և բազմաթիվ հյուրեր:
Օրհնության արարողության ավարտին ձեռամբ Ամենայն հայոց հայրապետի կատարվել է ծառատունկ: Հիշարժան այս առիթով տեղի է ունեցել ճաշկերույթ:
Նոր մասնաշենքը, որի կառուցումը կսկսվի առաջիկայում, ժամանակակից լավագույն պայմանները կապահովի Կալկաթա ուսման մեկնող հայ աշակերտուհիների համար: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016-2017 ուս. տարում:
Աղջիկների Դավթյան դպրոցը հիմնադրվել է 1922 թ. բարերար Դավիթ Դավթյանի կողմից: Ավելի ուշ` 1953 թ., դպրոցը միացվել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանին:










