Նիդեռլանդներում քուրդ ակտիվիստները ներխուժել են խորհրդարան՝ պահանջելով ավելի ակտիվ պայքարել «Իսլամական պետության» դեմ
Հարյուրավոր քուրդ ակտիվիստներ հոկտեմբերի 6-ին ներխուժել են Հոլանդիայի խորհրդարանի շենք՝ պահանջելով ավելի ակտիվ գործողություններ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հոլանդական ոստիկանությունը բանակցություններ է սկսել բողոքի ակցիայի մասնակիցների հետ:
Ցուցարարների պաստառներից մեկի վրա գրված է եղել. «Բավական է լռեք, աջակցեք Կոբանիին»: Կոբանին Թուրքիայի սահմանի վրա գտնվող սիրիական քաղաք է, որը մոտ ժամանակներս կարող է անցնել ծայրահեղական իսլամիստների հսկողության տակ:
Ականատեսների տվյալներով՝ հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել նաև խորհրդարանի շենքի առջև: Նրանք նույնպես կարգախոսներ են վանկարկել՝ պահանջելով ավելի ակտիվ գործողություններ:
Այս պահին ցուցարարները գտնվում են կենտրոնական սրահում: Ոստիկանությունը նշում է, որ իրավիճակը հսկողության տակ է:
Խորհրդարանի շենքը շրջափակված է, կենտրոնական սրահում տեղավորված ցուցարարների նկատմամբ ուժային գործողություններ չեն կիրառվում: «Ցուցարարների հետ բանակցություններ են սկսվել»,- նշել են իրավապահ մարմինները:










