Lufthansa-ի օդաչուները հոկտեմբերի 8-ին հերթական երկօրյա գործադուլը կսկսեն

10:37 • 07.10.14

Lufthansa գերմանական ամենախոշոր ավիաընկերության օդաչուները հայտարարել են հերթական երկօրյա գործադուլն սկսելու մասին, որը կանդրադառնա ներքին բեռնատար չվերթներին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Գործադուլը կսկսվի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 03:00-ին, և կավարտվի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 22:30-ին: «Այդ ընթացքում Lufthansa-ի աշխատակիցները չեն աշխատի Գերմանիայի օդանավակայաններից թռչող ոչ մի բեռնատար չվերթի համար»,- ասված է «Կոկպիտ» արհմիության հայտարարության մեջ:

 

Արհմիության ներկայացուցիչների խոսքերով՝ ավիաընկերության ղեկավարության քաղաքականությունն այլ ընտրություն չի թողնում, քան մասշտաբային գործադուլների անցկացումը: Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած վերջին գործադուլի ընթացքում Lufthansa-ն չեղյալ է հայտարարել 50 միջազգային չվերթ, որն անդրադարձել է ավիափոխադրողի մոտ 20 հազար հաճախորդի վրա:

 

Օդաչուները պահանջում են սակագնային համաձայնագրերում փոփոխությունների սահմանում: «Կոկպիտը» հանդես է գալիս ավիաընկերության ղեկավարության պլանների դեմ, որը ցանկանում է վաղաժամ թոշակի անցնելու տարիքային շեմը 59-ից դարձնել 61: