ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դեմ պայքարի համար ծախսել է ավելի քան 1 մլրդ դոլար. Պենտագոն
Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարն ամերիկյան զինվորականներին արժեցել է արդեն 1,1 միլիարդ դոլար: Այդ տվյալներն է հրապարակել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Այդ գումարը հաշվարկվել է սկսած հունիս ամսվա կեսերից, երբ Վաշինգտոնը սկսել է Իրաք ուղարկել ռազմական մասնագետների տեղական զորքերին և երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելու համար խորհրդատվական օգնություն տրամադրելու նպատակով: Հաշվետվության համաձայն՝ 62 միլիոն դոլար է ծախսվել օդային հարվածների համար, որոնք իրականացվել են ամերիկյան ռազմաօդային ուժերի գործողությունների շրջանակում, ինչպես նաև «Տոմագավկ» հրթիռներ բաց թողնելու համար:
Ընդհանուր հաշվարկներով՝ Սիրիայում և Իրաքում Պենտագոնն ամեն օր ծախսում է մինչև 10 միլիոն դոլար՝ սկսած հունիս ամսվանից: Թիվն ավելացել է աստիճանաբար՝ հարվածների ինտենսիվության աճի և ԱՄՆ-ի իրականացրած գործողության գոտու ընդլայնման հետ մեկտեղ:










