25-ամյա կնոջը ներքաշել են ԻՊ-ի ոստիկանության շարքերը՝ ամուսնանալու խոստման դիմաց

13:00 • 07.10.14

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ոստիկանությունում ծառայող կինը CNN-ին պատմել է, որ ԻՊ-ի շարքերն իրեն ներքաշել է իր ծանոթը համացանցում շփման ընթացքում՝ խոստանալով ամուսնանալ իր հետ, գրում է РИА Новости-ն։

 

Հադիջա անունով ներկայացած 25-ամյա կինը մեծացել է Սիրիայում, այնտեղ ստացել կրթություն և աշխատել որպես ուսուցչուհի տարրական դասարաններում։ Երբ Սիրիայում սկսվել են հակակառավարական ցույցերը, աղջիկը միացել է նրանց, մասնակցել ցույցերին, պատերին գրել կարգախոսեր։

 

Այնուհետ Հադիջան համացանցում ծանոթացել է մի թունիսցու հետ և տեղափոխվել Ռաքքա քաղաք։ Վերջինս նրան խոստացել է, որ այնտեղ կկարողանան ամուսնանալ։ Ռաքքայում աղջիկն ընդգրկվել է 25-30 կանանցից բաղկացած Khansa'a խմբում, որի խնդիրն է եղել հսկել փողոցները և քաղաքի կանանց, որոնց հագուստը պետք է համապատասխանի «Իսլամական պետության» կանոններին։ Հագուստը պետք է թաքցնի նույնիսկ աչքերը։ Կանոնները խախտողներին ծեծի էին ենթարկում։ «Սկզբում ես գոհ էի իմ աշխատանքից։ Ես զգում էի իմ իշխանությունը փողոցներում»,- պատմել է Հադիջան։

 

Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում ԻՊ-ի դաժանությունը ոչնչացրել է իր պատկերացումներն այդ կազմակերպության մասին։ Հատկապես ծանր տպավորություն է թողել իր վրա այն, թե ինչպես են գրոհայինները վերաբերվում կանանց։ Երբ խմբի հրամանատարը ստիպել է նրան ամուսնանալ իր հետ, Հադիջան փախել է Սիրիայից Թուրքիայի սահմանով։