Չինաստանում 13-ամյա դպրոցականը մի քանի կայք է կոտրել և տեղեկացրել դրանց թույլ կողմերի մասին
Չինաստանում տասներեքամյա աշակերտ Վանգ Ժենյանը կարողացել է կոտրել երկրի կարևորագույն Qihoo 360 կրթական կայքը, որի հետ խնդիրներ առաջանալու դեպքում կարող է տուժել մոտ 100 կրթական հաստատություն, գրում է Daily Mail-ը։
Նա տեղեկացրել է կայքի անձնակազմին այն կոտրելու իր հայտնաբերած եղանակների մասին, որպեսզի վերջիններս շտկեն թերությունները։
Երեխան «Չինաստանի ամենաերիտասարդ հաքեր» անունն է ստացել և այժմ արդեն սկսել է աշխատել Պեկինի Ցինհուա համալսարանի հետ։
Վանգը նաև կարողացել է կոտրել առցանց խանութներից մեկի կայքը և փոխել ապրանքի գինը 2,500 յուանից 1 յուան, սակայն նա գնում չի կատարել, այլ պարզապես զանգահարել է կայքի ղեկավարներին և նրանց տեղեկացրել կայքի անպաշտպան հատվածների մասին։
Երիտասարդ տղան գտնում է, որ կայքեր կոտրելը, գողություն անելը և վնասելը բարոյական չէ։
Տղան ցանկանում է լավ գործ անել և օգնել կայքերին է՛լ ավելի ուժեղացնել իրենց ապահովության համակարգերը։
Նա նաև ելույթ է ունեցել Պեկինի 2014 Chinese Internet Security համաժողովին՝ նվիրված Չինաստանի համացանցային անվտանգությանը։ Տղան ասել է, որ անհրաժեշտ է հարձակումներ կատարել կայքերի վրա, որպեսզի հնարավոր լինի հասկանալ դրանց թույլ կողմերը, սակայն իր համար վնաս հասցնելն անընդունելի է։












