Ադրբեջանը «սադրանք» է որակել Բուրգ դե Վալանսի քաղաքապետի այցը ԼՂՀ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր վերաբերմունքն է արտահայտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ֆրանսիական Բուրգ դե Վալանս քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուրիեի այցի և Շուշի և Բուրգ դե Վալանս քաղաքների միջև բարեկամության հռչակագիր ստորագրելու առնչությամբ, որով դրանք դարձել են քույր քաղաքներ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ «Մարլեն Մուրիեի այցը Լեռնային Ղարաբաղ առանց Ադրբեջանի թույլտվության անօրինական է», հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Նա հայտարարել է նաև, որ փաստաթղթի ստորագրումը հակասում է Ֆրանսիայի օրենսդրությանը, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ այդ երկրի միջնորդական գործունեությանը:
ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ «Բուրգ դե Վալանսի քաղաքապետի նմանօրինակ անօրինական գործողությունը Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին սադրանք է»։










