Էջմիածինը համայն հայության հոգևոր կենտրոնն է. մշակույթի տան դահլիճում նշվեց Էջմիածնի տոնը (տեսանյութ)

11:59 • 08.10.14

Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը 2 699 տարեկան է: Վաղ առավոտից իրենց քաղաքի տոնն էին նշում բնակիչները՝ փուչիկներով, տոնական հագուստներով: Քաղաքի կենտրոնական հատվածով մեկը մյուսի հետևից անցան զինվորականներ, հոգևորականներ, փոքրիկները՝ այբուբենի տառերով ու քաղաքի դրոշներով: Տոնի առթիվ Կոմիտասի անվան մշակութային տան դահլիճում էին նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, գեներալ Մանվել Գրիգորյանը:


Ինչպես հանդիսության սկզբում նշեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն սրբազանը,Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, Գյումրին՝ հայրաքաղաքը, Դիլիջանը՝ միջազգային ուսումնական քաղաքը, մյուս քաղաքներն էլ փորձում են իրենց տեղը գտնել այս երկրում, բայց Էջմիածինը ի վերուստ համայն հայության հոգևոր կենտրոնն է:


«Ինչպես ասում էր Գարեգին Առաջին կաթողիկոսը՝ Հիսուս Քրիստոս ծնվեց Բեթղեհեմում, որպեսզի փրկի ողջ աշխարհը, իսկ երկրորդ անգամ Միածին Որդին իջավ այստեղ՝ Էջմիածնում, որպեսզի փրկի հայ ժողովրդին: Քրիստոսի լույսը այստեղից տարածվեց ամբողջ Հայաստանով մեկ: Վեհափառը նաև ասում էր, երբ գնում ենք Երուսաղեմ կամ Բեթղեհեմ, յուրաքանչյուրի սրտում նորից ծնվում է Քրիստոս, երբ գալիս ենք Էջմիածին կրկին զգացում է՝ այստեղ իջել է Քրիստոս»,- ասաց նա:


Էջմիածինը քույր քաղաք է աշխարհի մի շարք քաղաքների հետ և տոնի առթիվ քաղաքին ողջունելու էին եկել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից ու Փարիզից ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռուսաստանի Պետրոզավոդսկի քաղաքապետը:


Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը դահլիճում նշեց, որ իր համար հուզական է քաղաքի տոնին մասնակցելը, և սա էջմիածնեցիների համար ամենակարևոր տոնն է:


«Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ քաղաքի տոնին մի նոր նորոգված շենք, մի նոր նորոգված փողոց, նորոգված բակ ունենանք: Բայց հիրավի ես կուզեի առանձնացնել մի կարևոր պայման. շատ-շատ են մաղթանքները, բայց օգնողները քիչ են: Ես կուզեի առանձնացնել մի յուրահատուկ անձնավորության, որ միշտ օգնել է մեզ: Կամիտասի անվան մշակույթի պալատ, Հովհաննես Հովհաննիսյանի անվան տուն-թանգարան, բարեկարգ Մաշտոց փողոց, Հոկտեմբեր փողոց: Սա կատարվել է մեր հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Դուք կարողացաք ամեն ինչով կանգնել մեր կողքին ու սատարել»,- ասաց նա:


Կարեն Գրիգորյանը հորդորեց բոլորին այսօր կտրվել առօրյա հոգսերից ու ի սրտե ուրախանալ:


Քաղաքի տոնի առթիվ քաղաքապետը «Քաղաքի բարեկամի» կոչում շնորհեց երկու բնակչի՝ բժիշկ սրտաբան Վաչագան Մկրտչյանին և նկարիչ Ներսես Մելիքյանին:


Քաղաքի տոնի առթիվ քաղաքապետը նաև հուշանվեր հանձնեց Նախագահին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջն ու Աստվածաշունչ: