Գերմանիայի 2 քաղաքում տասնյակ մարդիկ են վիրավորվել քրդերի ցույցերի ժամանակ բախումների հետևանքով
Գերմանիայի հյուսիսում քուրդ ակտիվիստների ցույցերի ժամանակ մի քանի տասնյակ մարդ է վիրավորվել: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են ավելի ակտիվ պայքար մղել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ, հաղորդում է ТАСС-ը:
Համբուրգ և Ցելե քաղաքներում քուրդ-եզդիների և մուսուլմանների խմբերի միջև բախումներ են տեղի ունեցել:
Ոստիկանությանը հաջողվել է զսպել միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված այդ խմբերի ներկայացուցիչներին՝ չնայած իրավապահների վրա թռչող քարերին և շշերին:
Քուրդ-եզդիները բողոքի ակցիա են անցկացրել, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն քուրդ զինված խմբերին, որոնք այժմ կատաղի մարտեր են մղում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ սիրիական Քոբանի քաղաքում: Այն գտնվում է Թուրքիայի հետ սահմանին և ծայրահեղական իսլամիստների կողմից գրավվելու վտանգի տակ է: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ գրոհայինները գրավել են քաղաքի արևելքում մի քանի շրջան և երկու բարձրությունների վրա իրենց դրոշներն են բարձրացրել: Քրդերին դեռևս հաջողվում է զսպել «Իսլամական պետության» հարձակումը քաղաքի արևմտյան և հարավային մուտքերի մոտ:










