Կարևոր է սահմանադրական բարեփոխումների թեժ քննարկմանը մասնակից դարձնել նաև երիտասարդությանը. Գրիգոր Մինասյան
Մինչ «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով մասնագիտական քննարկման համապետական ուսանողական մրցույթի արդյունքների ամփոփումը «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեկ ամիս առաջ հայտարարել էին համապետական մրցույթի մասին, որի նպատակն է սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ լսելի դարձնել նաև ուսանող-իրավաբանների՝ ապագա մեր իրավաբան մասնագետների կարծիքը:
Նա կարևոր համարեց սահմանադրական բարեփոխումների թեժ քննարկմանը մասնակից դարձնել նաև երիտասարդությանը:
«Ի ուրախություն մեզ՝ տվյալ միջոցառմանը մասնակցեցին գրեթե բոլոր համալսարանների մի քանի տասնյակ ուսանողներ և բավականի հետաքրքիր առաջարկներ ներկայացրին: Այսօր այս մասնագիտական քննարկմանը նրանք կարող են անձամբ ներկայացնել իրենց առաջարկները Սահմանադրական հանձնաժողովի անդամներին և դրանով իսկ իրենց լուման կարող են դնել մեր պետականության զարգացման գործում»,-ասաց Գրիգոր Մինասյանը:
Նա հայտնեց, որ առաջին անգամ է նման նախաձեռնություն իրականացվում, և իրենց ընկերությունը մշտապես առաջնորդվել է հանրային կարևոր իրադարձություններին իր բարձր մասնակցությունն ապահովելու սկզբունքով: «Մասնագիտական համայնքի ներգրավվածությունն այդպիսի մի կարևոր գործընթացին, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների քննարկումն է, կարծում եմ, շատ կարևոր է, և շատ առարկայական քննարկում է մեզ սպասում, որի ընթացում պատրաստ ենք լսել բոլոր տեսակի դիրքորոշումները՝ անկախ քաղաքական հայացքներից»,-ասաց «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետերը:
Նա հայտնեց, որ մրցույթին մասնակցել են գրեթե բոլոր համալսարաններից, մի քանի տասնյակ դիմումներ են ստացել: «Խոստացել էինք, որ կունենանք երեք հաղթող, սակայն քանի որ բավականին հետաքրքիր աշխատանքներ կան, նաև առաջարկություն եղավ երկու հատուկ մրցանակ նախատեսել՝ լավագույն վերլուծական մտքի և գրավոր խոսքի համար»,-հավելեց նա:










