Ռուսալեզու հաքերները ԱՄՆ-ում և Եվրոպայում կես միլիոն համակարգիչ են «կոտրել»
Ռուսալեզու հաքերները, վարակելով հարյուր-հազարավոր համակարգիչներ, կոտրել են Եվրոպայի և ԱՄՆ քաղաքացիների բանկային հաշիվները: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով տեղեկատվության անվտանգության հարցերով զբաղվող ամերիկյան Proofpoint ընկերության հայտարարությանը:
Proofpoint ընկերության վերլուծաբանների հաղորդած տվյալների համաձայն՝ կիբերհանցագործների նպատակը ԱՄՆ բանկային հաշիվներն են եղել, սակայն հարձակումը առնչվել է եվրոպացի օգտատերերին ևս: Ընկերությունը ենթադրում է, որ հարձակումը կարող էր մի քանի միլիոն դոլարի հասնող վնաս հասցնել:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ հաքերները հանրահայտ WordPress հարթակի կայքեր մուտք գործելու նպատակով տարբեր ադմինիստրատիվ տվյալներ են գնել, այնուհետև ներբեռնել են վտանգավոր մի ծրագիր և վարակել այցելուների համակարգիչները:
Proofpoint-ի հաղորդած տվյալների համաձայն՝ հանցավոր գործունեության արդյունքում 500.000 համակարգիչ է վարակվել, հաքերները տեղեկատվություն են ստացել 800.000 բանկային օպերացիաների վերաբերյալ:










