Կարգին Հայկոն չի մասնակցի եռյակի հրավիրած հանրահավաքին, բայց կլսի հնչած ելույթներն ու հետևություն կանի
Դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) չի մասնակցի հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքին, նախ՝ քանի որ զբաղված է և հետո էլ կարծում է, որ այն ամբողջ ժողովրդի շահերը չի ներկայացնում։
«Հանրահավաքը, բնականաբար, ամբողջ ժողովրդի շահերը չի ներկայացնում, այնտեղ երեք քաղաքական ուժեր են, ու չեմ կարծում, որ նրանք ամբողջ ժողովրդին են ներկայացնում, ժողովրդի մի հատվածն են ներկայացնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա ու հավելեց, որ հանրահավաքին կհետևի առցանց, կլսի հնչած ելույթներն ու հետևություններ կանի:
Ինչ վերաբերվում է հրապարակում կանգնած ժողովրդի կողքին լինելու անհրաժեշտությանը, ապա նշեց, որ միշտ է աջակցում ժողովրդին։ «Հանրահավաքի ժողովուրդը ամենաքիչը այս ընտրություններին ընտրել է այդ երեք ուժերին, բայց չենք կարող իմանալ, թե քանի տոկոսն է այդ ժողովուրդը: Ամեն դեպքում ինձ հետաքրքիր կլինի լսել` ինչ են ասում»,- նշեց նա:










