Խնդիր է, թե ով ավելի բարձր կգոռա իշխանափոխություն. Հովհաննես Սահակյան
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընդդիմադիր լինելով է եկել-հասել իշխանության, և չի բացառվում, որ մի օր էլ «Հանրապետականը» դառնա ընդդիմություն: Այսօր կայացած ասուլիսին այս մասին ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը. «Երբեմն նաև շատ օգտակար է, որ ընդդիմադիր լինելով է քաղաքական ուժը գալիս իշխանության»:
Անդրադառնալով ոչ իշխանական եռյակի խոստացած թեժ աշնանը՝ պատգամավորը նշեց. «Թեժ աշուն էնքան ասեցին, որ եղանակն էլ վախեցավ ու աշունն էլ դեռ չկա, տերևները կանաչ են... Էդ ընդդիմությունը դարձավ ոչ իշխանական, հա՞: Նախ, իշխանությունների հրաժարական են պահանջել, պետք է իմ գործընկերներին խնդրեմ մի փոքր հստակեցնել, թե իշխանություններ ասելով՝ ինչ նկատի ունեն»։ Հովհաննես Սահակյանը հավելեց, որ այդ իշխանափոխությունը, չգիտես ինչու, եռյակը կապում է սահմանադրական բարեփոխումների հետ:
Ինչ վերաբերում է այդ ուժերի ընդդիմություն լինելուն, ապա Հովհաննես Սահակյանն ասաց, որ եթե լրագրողները չխորշեն ընդդիմություն բառն օգտագործելուց, ինքն էլ կասի, բայց ընդդիմությունը սահուն դարձավ ոչ իշխանական ուժեր, իսկ ծայրահեղական ընդդիմությունն իր տեղը զիջեց ոչ իշխանական հասկացությանը. «Մեզ համար դա լավ է, բայց դժվար է: Մենք ժողովրդավարական երկիր ենք, մենք ունենք մեր դիրքորոշումը, ծրագիրը, որին համապատասխան իրականացնում ենք մեր պարտականությունները»:
Հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մարզային հանրահավաքների ժամանակ հայտարարել է, որ միանում է իշխանափոխության կոչերին, Հովհաննես Սահակյանը մեկնաբանեց, թե վերջիններս ընդամենը հոգեբանական թեստը կամ բարիերը հաղթահարելու փուլում են գտնվում:
«Խնդիր է, թե ով ավելի բարձր կգոռա իշխանափոխություն: Հիմա ես չգիտեմ, թե Գյումրիում ինչ կոչեր են անելու: Մեր գործընկերները բարեխիղճ մոլորության մեջ են»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է՝ իշխանությունն արհեստական խոչընդոտներ ստեղծի եռյակի հանրահավաքի օրը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Այդ օրերին ձնաբուք չենք կանխատեսում, ճանապարհները փակելու խնդիր չի լինելու, եռյակը թող հանգիստ հանրահավաք անցկացնի»:
Իսկ հանրահավաքը հենց հոկտեմբերի 10-ին անցկացնելու մասին ավելացրեց. «Երջանիկ պատահականությունները խուսափելի չեն նաև այս առումով, թե ինչու հենց հոկտեմբերի 10–ին, դուք մտածեք, բայց կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունից խոսելուց չեն խուսափելու եռյակի ուժերը»:










