Ռեգիստրներում միասեռական ամուսնությունները գրանցելու արգելքը սկանդալ է առաջացրել Իտալիայում
Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն արգելել է արտասահմանում գրանցված միասեռական ամուսնությունները գրանցել երկրի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններում, գրում է ria.ru-ն: Այդ որոշումը քաղաքական սկանդալ է առաջացրել երկրում, քանի որ շատ քաղաքների քաղաքապետներ հրաժարվում են հնազանդվել կենտրոնական իշխանության այդ հրահանգին:
Իտալիայում օրենքը թույլ չի տալիս նույն սեռի անձանց ամուսնություն գրանցել, այդ իսկ պատճառով հաճախ իտալացիները գրանցում են ամուսնությունն արտասահմանում՝ այնուհետ դրանք գրանցելով ըստ իրենց մշտական բնակության վայրերի քաղաքապետարաններում:
Երեքշաբթի Ալֆանոն հատուկ շրջաբերական է ուղարկել Իտալիայի բոլոր պրեֆեկտներին, որտեղ ասվում է քաղաքային ռեգիստրներում միասեռական ամուսնությունների գրանցման անհնարինության մասին: RTL ռադիոյի ուղիղ եթերում նախարարը պարզաբանել է, որ դա հակասում է երկրում գործող սահմանադրությանը:
Այնուամենայնիվ, ներքին գործերի նախարարի շրջաբերականն առաջացրել է շատ, այդ թվում նաև խոշոր քաղաքների քաղաքապետների վրդովմունքը: Այդպես, օրինակ, Բոլոնիայի քաղաքապետ Վիրջինիո Մերոլան հրապարակայնորեն հրաժարվել է հնազանդվել նախարարի որոշմանը։










