Դատապարտվածները պե՞տք է ընտրեն. Սահմանադրական բարեփոխումների քննարկում
Թե ինչն է պակասում գործող Սահմանադրության մեջ, որպեսզի երկրում կյանքը ավելի բարեկեցիկ լինի, օրենքներն ավելի լավ պաշտպանվեն, և կառավարումն ու քաղաքական գործընթացները լինեն ավելի արդյունվետ՝ փորձել է պարզել «AM» Իրավաբանական ընկերությունը՝ իրավաբան-ուսանողներին ներառելով սահմանադրական բարեփոխումների քննարկմանը։
«AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանն «AM» իրավաբանական ընկերության կողմից հայտարարված «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ անդրադարձավ այն խնդիրներին ու առաջարկություններին, որոնք վերհանել են երիտասարդները։
«Բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել օրենքների նախնական սահմանադրական հսկողության, Սահմանդրական դատարան դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի ընդլայնման վերաբերյալ։ Առաջարկվել է սահմանադրորեն ամրագրել տեղական հանրաքվեի ինստիտուտը, միջհամայնքային միավորումների կարգավիճակը, հատկապես կարևորվել է մարզպետարաններից համայնքների անկախության երաշխիքների սահմանման խնդիրը»,-ասաց նա։
Բացի այդ, ըստ Գրիգոր Մինասյանի, քննարկվել է դատապարտվածների ընտրական իրավունքի սահմանափակման վերացման կամ շրջանակի նեղացման խնդիրը և նորմերի համապատասխանեցումը միջազգային իրավական փաստաթղթերին։
«Առաջարկներ են ներկայացվել արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնման վերաբերյալ»,-նշեց նա։
Ուսանողներն, ըստ նրա, առաջարկել են պետական կառավարման խորհրդարանական մոդելի իրենց տարբերակները. «Ներկայացվել են Նախագահի լիազորությունների սահմանափակման, Նախագահի թեկնածուի տարիքի բարձրացման, նախընտրական գրավի սահմանադրական ամրագրման վերաբերյալ առաջարկներ։ Առաջարկվել են ՀՀ-ում մասնագիտացված երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավոր մոդելներ։ Առաջարկվել է նաև սահմանադրորեն ամրագրել աշխատանքի իրավունքը, շրջակա միջավայրին հասցված վնասի պարտադիր փոխհատուցման պահանջը»,-ասաց նա։
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ պատմական այս փուլում հնարավորություն է ընձեռվել իրականացնել սահմանադրական բարեփոխումներ ու ավելի առաջ մղել հասարակության զարգացումը: «Մենք այսօր հնարավորություն ունենք Սահմանադրության բարեփոխումների իրականացման արդյունքում ավելի առաջ մղել հասարակության զարգացումը, և ոչ թե սպասել, որ հասարակական պրոցեսների զարգացման արդյունքում հիմնական օրենքը փոխելու անհրաժեշտություն առաջանա»,-ասաց նա:
Հովհաննես Մանուկյանը համակարծիք չէ այն մոտեցմանը, որ երկրում կան բավականին լուրջ հիմնախնդիրներ, և դրանք է պետք կարևորել։ «Թերևս դրանց մի մասի հետ կարելի է համաձայնել, սակայն դա ամենևին չի նշանակում, որ այդ հիմնախնդիրների լուծման առումով մտահոգ լինելով հանդերձ՝ մենք պարտավոր չենք մտածել այնպիսի կարևոր խնդրի մասին, ինչպիսին մեր երկրի հիմնական օրենքի կատարելագործումն է»,-նշեց նա։










