Դադարեցրե՛ք պատերազմը. Դոնեցկի նահանգապետը նամակ է գրել Պուտինին

09:56 • 08.10.14

Ուկրաինայի Դոնեցկի նահանգապետ Սերգեյ Տարուտան շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ (հոկտեմբերի 7-ին) և կոչ արել նրան դադարեցնել պատերազմը Դոնբասում, գրում է Обозреватель-ը:

 

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, շնորհավորում եմ: Վստահ եմ, Դուք կհիշեք այս տարին: Այս ժամանակահատվածում ձեր երկրի տարածքն ավելացել է, իսկ իմ երկրինը` փոքրացել: Դա տեղի է ունեցել եղբայրասպան պատերազմի պատճառով, որը վերածվել է վշտի, արցունքի և ցավի ծովի»,- գրել է Տարուտան և կոչ արել դադարեցնել պատերազմը:

 

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, պատերազմը պետք է դադարեցնել այստեղ և հիմա: Այն հրադադարը, որը մենք ունենք այսօր, լավատեսություն չի ներշնչում Դոնբասի բնակիչներին: Չի ազատում նրանց գիշերային ռմբակոծությունների վախից: Անհրաժեշտ են առավել վճռական գործողություններ խաղաղության հասնելու գործում: Անհրաժեշտ են անմիջական բանակցություններ, որոնք կդադարեցնեն քաոսը և կստեղծեն երկարատև և ամուր խաղաղության հիմնաքար: Եվ սա այն հարցը չէ, որտեղ պետք է պարզել, թե ով պետք է անի առաջին քայլը»,- գրել է նահանգապետը:

 

Միևնույն ժամանակ նա Պուտինին մաղթել է իմաստնություն` պատերազմը կանգնեցնելու համար: Տարուտան մաղթել է նախագահին ուժ` միակ ճիշտ որոշումը կայացնելու և իր երկրից բոլոր ռուսական մշտական և կամավորական զինված խմբավորումները դուրս բերելու համար: