Կիպրոսը ՄԱԿ-ի օգնությունն է խնդրում Թուրքիայի սադրիչ գործողությունների առնչությամբ
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ խնդրելով միջամտել Արևելյան Միջերկրածովյան գոտում ստեղծված իրավիճակին և փորձել համոզել Թուրքիային զերծ մնալ պետության ինքնիշխան իրավունքների խախտումից, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կիպրոսի տեղեկատվական գործակալությանը:
Անաստասիադիսը նամակ է հղել կազմակերպության ղեկավարին, որտեղ նախազգուշացրել է, որ Անկարայի սադրիչ գործողությունները «կարող են ուժեղ հարված հասցնել կիպրական խնդրի կարգավորման բանակցային գործընթացին»:
Այդ նամակում պետության ղեկավարը տեղեկացրել է Բան Կի Մունին ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Դերվիշ Էրօղլուի հետ բանակցություններին «մասնակցությունը դադարեցնելու» իր հարկադրված որոշման մասին, որպեսզի ժամանակ տա գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին համոզել Թուրքիային՝ վերանայել իր որոշումը:
Անցած ուրբաթ Թուրքիան հայտարարել է բնական գազի պաշարների սեյսմիկ հետազոտում սկսելու մասին կղզուց հարավ ընկած գոտում: Անցած երեքշաբթի Թուրքիան այդ տարածք ռազմական նավեր է ուղղել:










