Անցած 8 ամսվա ընթացքում Կանանց իրավունքների կենտրոն է դիմել ընտանեկան բռնությունից տուժած 1044 կին

21:16 • 08.10.14

Անցած 8 ամսվա ընթացքում Հայաստանի ողջ տարածքում եղել է ընտանեկան բռնության հետևանքով մահացության 9 դեպք, արձանագրվել է և 1044 զանգ «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության «թեժ գծին» և Կանանց աջակցության խորհրդատվական կենտրոն:


Տվյալները «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությանն են:


«Կանանց մահացության դեպքերի առնչությամբ տվյալներ ունենք ոստիկանության օպերատիվ ամփոփագրերից, համաձայն որոնց՝ Հայաստանում հունվարից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է 9 կին: Իսկ մեր «թեժ գծի» և Կանանց աջակցության խորհրդատվական կենտրոնի՝ նույն ժամանակահատվածի տվյալներով եղել է 1044 զանգ «թեժ գծին», որից 875-ը՝ ընտանեկան բռնության դեպքով, 387-ը՝ առաջնային, 488-ը՝ կրկնվող: Առաջանային 387 զանգից եղել են՝ 302-ը՝ հոգեբանական բռնության, 80-ը՝ ֆիզիկական բռնության և 5-ը՝ սեռական բռնության մասին ահազանգեր»,-հայտնեցին կենտրոնից:

 

Նշենք, որ կանանց մի շարք կազմակերպություններ վաղը կանանց բռնությունների դեմ բողոքի իրենց հերթական ակցիան են կազմակերպելու: Սուսաննա Վարդանյանը նկատեց.«Մեր հերթական ակցիան է, ինչը նշանակում է, որ տարին 365 օր կարող ես պայքարել ընտանեկան բռնության դեմ՝ տարբեր ձևերով, և վաղն էլ ինչ-որ մի հատուկ օր չէ»:

 

Ըստ Սուսաննա Վարդանյանի՝ կանանց նկատմամբ բռնությունները Հայաստանում չեն աճել, միգուցե աճել է իրենց դիմելիությունը:


Նշենք, որ 2010 թվականից՝ շուրջ 4 տարի, կանանց կազմակերպությունները Կառավարությանն են ներկայացրել օրենքի նախագիծ, որը չի ընդունվում, չնայած 4 տարի է՝ նախագիծը լոբբինգ են անում:


«Ոչ մի բան տեղից չի շարժվում, երբեք չենք ստացել գրավոր պատասխան, թե ինչու օրենքը չի ընդունվում, թեև մենք ողջ կոալիցիայով լոբբինգ ենք անում, որ առանձին օրենք ընդունվի: Անունը ընդառաջեցինք, անվան մեջ փոփոխություն արեցինք, որ կոչվի «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենք»՝ «ՀՀ ում ընտանեկան բռնության մասին» օրենք» անվան փոխարեն: Այն քրեական պատժամիջոցներ չի նախատեսում, ուղղակի օգնելու է, որ բռնությունը որոշ չափով կանխվի»:

 

Սուսաննա Վարդանյանը ենթադրում է, որ պատճառը օրենքի որոշ դրույթներ շատ ծախսատար են: Օրինակ՝ դրույթներ կան, որ պետությունը ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց պետք է ապահովի ապաստարաններով կամ ամեն 10 հազար բնակչություն ունեցող բնակավայրում ճգնաժամային կենտրոններ հիմնի, ինչն ահռելի ծախսեր է ենթադրում: