Կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը Եվրախորհրդարանի Սախարովի անվան մրցանակի է հավակնում

10:25 • 08.10.14

Եվրախորհրդարանի երկու մասնագիտացված հանձնաժողովները քվեարկել են 2014 թվականի Անդրեյ Սախարովի անվան մրցանակի համար՝ ընտրելով երեք թեկնածուի, հաղորդում է contact.az-ը:

 

Անցկացված քվեարկությունից հետո ցանկում է մնացել 3 թեկնածու՝ Ուկրաինայից Եվրամայդան շարժումը, Կոնգոյից բժիշկ Դենիզ Մուկվեգեն և Բաքվից Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի ղեկավար Լեյլա Յունուսը:

 

Վերջնական քվեարկությունը կանցկացվի հոկտեմբրեի 16-ին խորհրդարանի ընդհանուր հավաքի ժամանակ:
Մրցանակը կհանձնվի նոյեմբերի 26-ին:

 

Ի դեպ, օրերս Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն իր սահմանած Անդրեյ Սախարովի անվան «Ազատության» մրցանակի էր արժանացրել Ադրբեջանում բանտարկված քաղաքական ակտիվիստներին, այդ թվում՝ Լեյլա Յունուսին: 

Ավելի վաղ Ադրբեջանում կալանավորված մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսի փաստաբանները նրա առողջական վիճակի վատացման մասին հայտարարություն էին տարածել: Ըստ փաստաբանների՝ նրան պահում են ցուրտ խցում, որտեղ տաք ջրի հասանելիություն չկա։ Նման պայմանները նախկինում 4 վիրահատության ենթարկված կնոջ վիճակի վատթարացմանն են հանգեցրել։