ՍԴՀԿ–ն չի մասնակցի հանրահավաքին, քանզի ժողովրդի զգացմունքների հետ խաղալը անընդունելի է համարում. Սեդրակ Աճեմյան

10:09 • 09.10.14

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ վաղվա հանրահավաքին ՍԴՀԿ–ն չի մասնակցելու, քանի որ Հայաստանում իրավիճակ կարելի է փոխել միայն համակարգային խոր և ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում։ «Այն, ինչ հայտարարում են այդ երեք ուժերը, մենք արդեն մի քանի անգամ տեսել ենք: Դուք գնացեք, մենք կգանք... Կփոխվեն անձերը, բայց ոչ երբեք իշխանության տրամաբանությունը»,– ասում է նա։


Պարո՛ն Աճեմյան, վաղը ոչ իշխանական խորհրդարանական երեք ուժերը՝ «Հայ ազգային կոնգրեսը», «Բարգավաճ Հայաստանն» ու «Ժառանգությունը» հանրահավաք են անցակացնելու: ՍԴՀԿ-ն արդեն հայտարարել է, որ չի միանալու հանրահավաքին: Բայց եթե դուք ընդդիմություն եք, ի՞նչն է պատճառը:


-Այո՛, մենք իսկապես չենք միանալու այդ հանրահավաքին: Ինչո՞ւ չենք միանալու, որովհետև Հնչակյան կուսակցությունը հավատում է, որ Հայաստանում իրավիճակ կարելի է փոխել միայն համակարգային խոր և ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում: Այն, ինչ հայտարարում են այդ երեք ուժերը, մենք արդեն մի քանի անգամ տեսել ենք: Դուք գնացեք, մենք կգանք... Կփոխվեն անձերը, բայց ոչ երբեք իշխանության տրամաբանությունը: Նախ` որովհետև այդ եռյակի առաջնորդ համարվող ԲՀԿ-ն նույնպես այդ նույն արատավոր համակարգի ծնունդն է: Խոշոր կապիտալ, օլիգարխիկ համբավ ունեցող որևիցե գործիչ չի կարող Հայաստանում անկեղծորեն բարեփոխումներ իրականացնել, որովհետև մեր պատկերացրած համակարգային փոփոխությունների արդյունքում օլիգարխիան որպես երկրի կառավարող ուժ տեղ չպետք է ունենա, ուստի նաև տեղ չպետք է ունենա ԲՀԿ-ն իր ողջ օլիգարխիկ ներուժով: Այո՛, Հայաստանն իսկապես ճակատագրական ժամանակ է ապրում, բայց հիմա խաղալ ժողովրդի զգացմունքների հետ և երկիրը տանել նույն ճանապարհով՝ մեղմ ասած մեզ համար ընդունելի չէ: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա ՍԴՀԿ-ն ժամանակին նրա հետ ճանապարհ է անցել և խզել հարաբերությունները վերջինիս հետ այն նույն պատճառով, ինչպես արեցին տասնյակ այլ քաղաքական ուժեր: Երկրում փոփոխությունների ջատագով հռչակված հեղափոխական ուժը չի կարող ամեն ինչ անել, որպեսզի x օլիգարխը փոխարինվի y-ով:


– Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Մեծի Տանն կաթողիկոս Արամ Ա-ն դատ է բացել Թուրքիայի դեմ՝ պահանջելով Սիսի կաթողիկոսարանը: Ինչպե՞ս է այս հարցում ՍԴՀԿ կարծիքը:


– Կարծում եմ, որ ՍԴՀԿ-ն իր կարծիքը պաշտոնապես կհայտնի առաջիկայում, սակայն ես՝ իբրև թե՛ Սփյուռքում և թե՛ Հայաստանում բնակվող անձ, վստահ եմ, որ նման որոշումները պետք է ընդունվեն համազգային և եկեղեցական դասի ամբողջական համաձայնության և պայմանավորվածության հիման վրա: Այն, որ Թուրքիան պետք է վաղ թե ուշ ճանաչի և փոխհատուցի իր եղեռնագործությունների համար, փաստ է, այն, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը, թե՛ հիմնական կազմակերպությունները հսկայական անելիք ունեն անելու, նույնպես չի քննարկվում, բայց մի պահ պատկերացնենք, որ այդ դատը Արամ Վեհափառը պարտվի, չե՞նք ստեղծում արդյո՞ք մենք նախադեպ և Թուրքիայի համար լրացուցիչ զենք: Վստահ եմ, որ նման հարցերը պետք է լուծվեն ոչ միայն Անթիլիասի, այլ նաև Մայր Աթոռի, Հայաստան պետության և երեք ավանդական կուսակցությունների անմիջական մասնակցությամբ և համաձայնությամբ:


– Առաջիկայում սպասվում է Հայաստանի անդամակցության վավերացումը Մաքսային Միությանը: Ի՞նչ եք ակնկալում այդ դաշինքից:

 


– Մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ բխում են մեր ժողովրդի և պետության անվտանգության շահերից: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին կամ Մաքսային Միությանն անդամակցությանը, ապա Հայաստանն այստեղ պետք է ներգրավվի իբրև լիարժեք և իրավունքներ ունեցող անդամ: Հիմա դեռ շատ բարդ հարցեր կան, որոնք չեն հստակեցվում՝ կապված ընդհանուր մաքսերի և հարկերի, Արցախի հետ կապված խնդիրների հետ: Կարծում եմ, որ այս և բազմաթիվ այլ հարցերը կարոտ են ավելի մեծ լուսաբանման, քան այն վիճակը, որ կա հիմա: Համենայն դեպս, սա գործընթաց է, որ մի օրում կամ մի ժամում չի կարող լուծվել: Մաքսային միությունը մութ անտառ է, սակայն մեր ճանապարհն էլ միայն սա է այս պահին: Մենք ունենք Արցախի խնդիր, Թուրքիայի հետ հարաբերությունների խնդիր, իսկ այս իրավիճակում մեր միակ և բնական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է: