Քառօրյա աշխատանքային շաբաթը մեզ համար ծիաղելի մի բան է. Վարդան Բոստանջյան

21:34 • 09.10.14

Զարգացած աշխարհում միշտ էլ գործել է այն մոտեցումը, որ աշխատող մարդու հանգստի ժամանակը հարկավոր է հնարավորինս մեծացնել, բայց այս մոտեցումը ներկայում Հայաստանի պայմաններում անհեռանկարային է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Աշխատանքի միջազգային կազմակերպության «Work in Progress» բլոգում հրապարակած հոդվածին, որտեղ նշվում են աշխատանքային շաբաթը քառօրյա դարձնելու առավելությունները:

 

«Ես աշխատում եմ այդ թեմայի վերաբերյալ միանշանակ պատասխան չտալ, քանի որ ինքս կարող եմ իմ պնդումներում ճիշտ չլինել: Իհարկե՝ մարդը պետք է հանգստի ժամանակ ունենա, որ աշխատանքային լարվածությունը շատ չազդի նրա վրա, սակայն Հայաստանում ես տվյալ պահին չեմ նկատում դրա հնարավորությունը: ՀՀ-ն հզոր երկիր չէ և հարուստ ռեսուրսների չի տիրապետում: Եթե սրան գումարվի նաև աշխատանքի պակասեցումը, Հայաստանի համար անցանկալի երևույթներ կլինեն: 4-օրյա աշխատանքային շաբաթը մեզ համար ծիաղելի մի բան է»,-ասաց նա և ընդգծեց, որ Հայաստանի համար մեծ նշանակություն է ունենում անգամ մեկ օր չաշխատելը:

 

Հարցին՝ գուցե անհրաժեշտություն է տեսնում հնգօրյա աշխատանքային շաբաթը վեցօրյա դարձնելու, պատասխանեց. «Եթե աշխատանք լիներ, այո´, ՀՀ-ի համար մինչև անգամ պետք էր 6-օրյա աշխատանքային շաբաթ, բայց աշխատանքը առատությամբ չէ մեր երկրում: Մյուս կողմից էլ՝ մեր երկրում կան մարդիկ, ովքեր սոցիալական խնդիր են լուծում ու ոչ թե 6 օր, այլ շաբաթը 7 օր գիշեր-ցերեկ աշխատում են՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով»,-ասաց նա: