Տեխասում Էբոլայից մահացել է ԱՄՆ-ում առաջին վարակակիր համարվող Լիբերիայի քաղաքացին
ԱՄՆ-ում մահացել է Լիբերիայի քաղաքացի Թոմաս Դունկանը, ով ԱՄՆ տարածաշրջանում հայտնաբերված Էբոլայի առաջին վարկակիրն էր: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Դալլասի հիվանդանոցի հայտարարությանը, որտեղ բուժվում էր մահացածը:
Դալլասի բուժհաստատության պաշտոնական ներկայացուցիչ Ուենդել Ուոթսոնի պնդմամբ՝ վարակակիր Դունկանը հուսահատ պայքար էր մղում հիվանդության դեմ:
Ամերիկացի բժիշկները երկուշաբթի հայտարարել են, որ վերջինիս բուժման համար ամերիկյան Chimerix Inc ընկերության կողմից արտադրվող փորձարարական Brincidofovir դեղամիջոցն են կիրառել, որն օգտագործվում է նաև Նեբրասկա նահանգում՝ լրագրող Աշոկի Մուկպոի բուժման նպատակով:
Երեքշաբթի հայտնի է դարձել, որ Դունկանի թոքերին արհեստական օդափոխության սարք են միացրել և երիկամների դիալեզ են իրականացրել, սակայն վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել:










