Եռյակը «Դաշնակցության» կարծիքը չի հարցրել 12 կետի վերաբերյալ իրենց գնահատականը հրապարակելու որոշում կայացնելուց առաջ.Ա. Մինասյան

20:39 • 09.10.14

Եռյակը առանց «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության կարծիքը հարցնելու է որոշել վաղվա հանրահավաքին ամփոփել և ներկայացնել եռյակի դիրքորոշումը քառյակի կողմից մշակված 12 կետի վերաբերյալ վերջերս Կառավարության ներկայացրած գնահատականի շուրջ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը և ավելացրեց, որ եռյակի խնդրանքով իրենք «Դաշնակցության» 7-8 էջից կազմված գնահատականը ուղարկել են եռյակին և մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել:

 

«Մենք ունեինք պայմանավորվածություն՝ ամփոփելու քառյակի 12 կետը, և նախկին մեր բոլոր հանդիպումների ժամանակ այդ հարցը քննարկվել է: Մենք առաջարկել էին, որ յուրաքանչյուր խմբակցություն իր ամփոփումն անի, որից հետո միասին հանդիպենք ու միասնական փաստաթուղթ պատրաստենք: Պայմանավորվեցինք, որ հոկտեմբեր 8-ին հանդիպենք, սակայն մեզ տեղեկացրին, որ հանրահավաքների հետ կապված՝ չեն հասցնում հանդիպմանը և խնդրեցին մեզ՝ գրավոր ուղարկել մեր դիրքորոշումը, իրենք էլ եռյակի կողմից պատրաստված մի թռուցիկ փաստաթուղթ ուղարկեցին մեզ»,-ասաց պատգամավորը:

 

Հիշեցնենք, որ այսօր եռյակի առաջիկա հանրահավաքի կազմակերպչական հարցերին նվիրված նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, որ քննարկվել է 12 կետի հարցը և որոշվել, որ գնահատականը պետք է հնչեցվի եռյակի կողմից, այնինչ նախկինում հայտարարվել էր, որ պետք է հրապարակվի քառյակի տեսակետը:

 

Արվիկ Մինասյանն ընդգծեց, որ եռյակը ինքնուրույն է որոշել ներկայացնել եռյակի դիրքորոշումը Կառավարության արձագանքի վերաբերյալ: Նա նաև ասաց, որ եռյակը ո´չ միայն չի ընդունել իրենց կողմից ներկայացված փաստաթուղթը ու չի տեղեկացրել, որ եռյակի դիրքորոշումն են հայտնելու, այլ նաև՝ առանց գործընկերոջը, այսինքն՝ իրենց տեղեկացնելու հայտարարություն է արել, թե հանրահավաքին ներկայացնելու են եռյակի կարծիքը:


«Դաշնակցությունը» որևէ մեղք չունի, որ 12 կետը դարձել է եռյակի ամփոփոխում, ո´չ թե քառյակի: Մեզ համար մտահոգիչ է մեր գործընկերների աշխատանքի ձևը, նրանք կարող էին զանգահարել ու տեղեկացնել մեզ: Աշխատանքի նման ոճը մեզ համար անընդունելի է»,-ասաց նա: