Ուկրաինայի նախագահը ստորագրել է լյուստրացիայի մասին օրենքը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է լյուստրացիայի մասին օրենքը, հայտնել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն:
Պորոշենկոյի մամուլի ծառայության համաձայն՝ օրենքը որոշում է պետծառայողների և նրանց հավասարեցված անձանց, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ստուգման անցկացման իրավական և կազմակերպչական հիմքերը՝ «իշխանության հանդեպ վստահության վերականգնման և եվրոպական չափանիշների համապատասխանությամբ իշխանության մարմինների նոր համակարգի կառուցման պայմանների ստեղծման նպատակով»:
Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 17-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է լյուստրացիայի մասին օրենքը: Վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքով՝ այդ օրենքի գործողության տակ է ընկնում 1 միլիոն պաշտոնյա, պետծառայող, իրավապահ մարմինների աշխատակից, այդ թվում՝ «կառավարության ողջ կազմը»:










